«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը գրում է.
«…Մեղքի մակերեսային ընկալումը պարզ է` քվեներ չեն ապահովվել, երջանկությունը Գյումրիում տեղի չի ունեցել, ու ավելին, մթագնվել է համապետական երջանկությունը հենց Գյումրիով, ավելի է մթագնվել, քան փուչիկների հանրապետական գմփոցն էր:
Այնինչ մեղքն ավելի վաղ էր մեկնարկել, դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ Վարդան Ղուկասյանին դարձրին հանրապետական: Համոզված չկուսակցականը գիտեր, որ դա ծուղակ էր, մի թերագնահատեք Վարդան Ղուկասյանին, իսկապես բավականաչափ խորամանկ ու զգույշ էր եղել մի 8 տարի, ճշմարիտ է` հրապարակային խոսքում այլ համայնքապետերի համեմատ լեզվին ավելի մեծ ազատություն էր տալիս, ու մարդիկ հիանում կամ զվարճանում էին, այլ մարզերից ու արտասահմանից «ղժժում էին» վրեքս, բայց միշտ էլ ճարպիկ մտածողությամբ, հյուրասիրություններով և ծառայություններով կարողացել էր ծուղակները չընկնել, այն էլ այնպիսին, ինչպիսին կուսակցականն էր: Վերջի սկիզբը Վարդան Ղուկասյանի հանրապետականացումն էր:
Սուտ կլինի, թե ինքը չէր պատկերացնում դրա հետևանքները: Մարդիկ, ովքեր նրա կառավարման առաջին տարիներին հույս էին փայփայում, որ ժողովրդի ծոցից ելածը չի մոռանա ժողովրդին, անցավ պետական իշխանության կողմը, որը, մեղմ ասած, ժողովրդից չէր, ոչ մի միամիտ չկա, որ համարի, թե Հայաստանում իշխանությունը ժողովրդից է: Անցավ ու մարդկանց տարիներ շարունակ շարունակում է պատմել, որ իր հետ է մնացել, իր համար է արյուն տվել և այլն: Մարդիկ էլ ակադեմիաներ չեն ավարտել, բայց քվեաթերթիկում ուրիշ տեղ նշան դնելու համարձակության չափ կամք ունեցան:
Հանրապետական իշխանությունը կարող էր ներել նրա «օբյեկտիվ» շռայլումները քաղաքի բյուջեից, տարօրինակ վարքն ու մի քանի հրապարակային «հակա» ելույթները անձնական վարկանիշի համար, բայց առասպելական խոստումներից հետո քվեների տապալումը չի ներվում, ու դա գին ունի: Դժվար է ասել` ինչ գին. փո՞ղ, եթե այո` ապա ինչքա՞ն, մեր հաշվի՞ն` բնական է, իսկ եթե ոչ փող, ապա ի՞նչ` տարածքներ քաղաքից, է առանց էդ էլ ինչ ուզում են` իրենցն է …: …»








































