Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման հարցը շարունակում է մնալ օրակարգում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՏՏ ոլորտի նախարարություն ստեղծելու հարցը ներառված է եղել 2007-2010թթ. ռազմավարության մեջ և, ըստ էության, խնդիրը բարձրացնելու հարցը ծագել է Սերժ Սարգսյանի և ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, երբ հանձնարարվել է գրավոր հիմնավորել հարցը: 2008 թ. ՏՏ հայեցակարգում նշված է, որ դրա իրականացման համար պետք է հստակ պետական կառավարման համակարգում համապատասխան փոփոխություններ արվեն, որոնք չեն եղել:
«Մեր նախաձեռնությունը նաև պետական որոշումները կատարելուն ուղղված քայլ էր, այդ թվում՝ 2008 թ. ՏՏ հայեցակարգը իրականացնելուն: Ես կարևորում են այս նախաձեռնությունը, որովհետև այն դիսկուրս բացեց համայնքում, որը թույլ տվեց հստակորեն շեշտադրումներ անել, թե որտեղ ենք: Քանի դեռ այդ դիսկուրսը չկար, մի քիչ դժվար էր ճիշտ շեշտադրումներ անել»,- ասաց Կ.Վարդանյանը՝ փաստելով, որ այս խնդրի հետ կապված ոլորտը երկու մասի բաժանվեց, այսինքն գործող 340 ընկերությունների մի մասը հստակորեն կողմ արտահայտվեց, որ ոլորտի պետական կառավարմամբ զբաղվող նախարարություն է պետք, որը թե՛ ներքին մոդեռնիզացիան անի, թե՛ ապահովի արատահանումը, թե՛ ռազմաարդյունաբերության խնդիրները լուծի և այլն, իսկ մյուս մասը դեմ արտահայտվեց, ասելով, որ նման կառույց պետք չէ:
«Ես կարծում եմ, որ 2000 թ-ին ոլորտն ուներ 30 ընկերություն, այսօր կա 350 ընկերություն, և երբ 2000-ին դա գերիշխող մտայնություն էր, որ հնարավորինս պետությունից հեռու լինելով, ամեն մեկն ինչ-որ մի «նիշա» էր գրավել, շառից-փորձանքից հեռու, հիմա փաստորեն այդ մարտահրավերների հետ կապված կարծիքները ուղիղ կիսվել են: Այսինքն, մի մասը նախընտրում է մնալ հին պարտիզանական վիճակում, մյուսը՝ պարտզիանական վիճակից անցնել ռեգուլյար զորքերի վիճակի: Եվ այդ երկրորդ մասը, քանի որ ավելի ակտիվ է և կազմակերպված, հավաքվեց, ստորագրեց փաստաթուղթը: Ըստ էության, դա բերեց նրան, որ պետությունը ևս դրան արձագանքեց: Վարչապետը բիզնես ֆորումի ժամանակ ասաց, որ չնայած ինքը ավելի շատ կողմ է բարեփոխումներին, քան նոր մարմին ստեղծելուն, բայց պետք է ոլորտի պատասխանատուների հետ երկխոսություն սկսվի»,- նշեց Կ.Վարդանյանը:
Նրա բնորոշմամբ՝ այդ երկխոսությունն արդեն սկսված է, քանի որ էկոնոմիկայի նախարարությունում ՏՏ երկու փոխնախարար է նշանակվել, ինչը մի քայլ առաջ է:
Միևնույն ժամանակ, ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի, խնդիրը ինքնին լուծված չէ, որովհետև այն մարտահրավերները, որ նշած էր հայտարարությունում, դեռ լուծված չեն: Սակայն իրավիճակը փոխվել է, և այդ երկու փոխնախարարները՝ Կարինե Մինասյանը և Տիգրան Հարությունյանը, մեկը միջազգային համգործակցության գծով, մյուսը՝ արտադրության մասով պետք է զբաղվեն: Կ.Վարդանյանը նկատեց, որ սա շատ ավելի դրական երևույթ է, քան այն, ինչ կար՝ ընդամենը խորհրդականի կարգավիճակ:
«Այսօր խնդիրը մնում է օրակարգում, առաջիկայում մենք հանդիպումներ ունենք նախագահի և վարչապետի հետ: Հիմա սկսվում է երկար բանակցային փուլ, որտեղ, կարծում եմ, շատ օգտակար կլիներ, եթե նախագահին կից լիներ պետական պաշտոնյա, որը նշած խնդիրները դիտարկեր, որպեսզի նախագահական ընտրություններից հետո դրանք ցույց տար նախագահին: Որովհետև հիմա քննարկումը գնում է ՝ պետք է, թե պետք չէ, իսկ հիմնավորված խոսակցությունը բավականին քիչ է»,- ասաց Կ.Վարդանյնաը՝ հայտնելով, որ երկրի նախագահին կից նման պաշտոնյաներ կան ԱՄՆ-ում և ՌԴ-ում.
«Մեզ մոտ հետագա գործընթացները պետք է գնան այդ ուղղությամբ, որ այստեղ էլ նախագահին կից նմանատիպ պաշտոնյա նշանակվի, որն այս ընթացքում՝ մինչև նախագահական ընտրությունների վերջը, այս հարցը մշտադիտարկի և իր հստակ կարծիքը տա, թե ինքանով է սա պետք, ինչքանով է եղած պետական կառույցը համապատասխանում այդ մարտահրավերներին:
Հույս ունեմ, որ մինչև նախագահական ընտրությունները կկարողանանք այն մարտահրավերները, որոնք առկա են և որնցով ոչ մեկը չի զբաղվում, հասցնել նախագահին, և հույս ունեմ, որ ընտրություններից հետո նախագահն ավելի ազատ կլինի նմանատիպ որոշումներ ընդունելու առումով»:









































