Շինարարության ներկայիս պասիվությունը բացատրվում է ընդհանուր տնտեսական իրավիճակով: Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ շուկայի պասիվ վիճակի պատճառը բանկային համակարգի ոչ ձեռնտու վարկային քաղաքականությունն է, բարձր տոկոսադրույքներն են և ոչ երկարաժամկետ վարկեր չտրամադրելը: Նրա խոսքով՝ պատճառներն արդեն երկար ժամանակ նույնն են մնում:
Գ. Մինասյանը նշեց, որ այսօր շինարարության ծավալների մոտ 70%-ը բնակարանային շինարարությունն է. «Սպառողը պետք է գնի, բայց սպառողը փող չունի, ով ուներ գնեց, հիմա պետք է գնեն գոնե միջին կարիքավորները, բայց հիփոթեքային քաղաքականությունը բավարար չէ, որ նրանք կարողանան բնակարաններ գնել»:
Անդրադառնալով երկար տարիներ կիսավարտ մնացած շենքերին` Գ.Մինասյանը նշեց, որ խոսակցություններ կային, որ դրանք պետք է հետ վերցվեին անպարտաճանաչ ներդրողներից, բայց դեռ որոշում չկա: «Քաղաքապետարանն ասում էր, որ որոշակի քաղաքականություն պետք է մշակվի, չի կարելի դրանք թողնել այդպես կիսավարտ մնան, որոշակի անհարմար իրավիճակ է ստեղծվում քաղաքում: Պետք է նոր մոտեցումներ մշակվեն»,- ասաց միության տնօրենը:









































