ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Մոսկվայի բնակիչ 25-ամյա Դմիտրի Զուբախին` Կիպրոսում ձերբակալելու մասին: ԱՄՆ-ում նրան կասկածում են 2008 թվականի հունիսին ամերիկյան ցանցային Amazon.com ընկերության վրա երկու կիբերհարձակումներ կազմակերպելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը: Նշենք, որ ընկերությունը տեղակայված է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում:
Միջազգային օրդերի հիման վրա ռուսաստանցու ձերբակալության մասին հայտարարել է տեղի շրջանային դատախազությունը:
Միաժամանակ ԱՄՆ-ում պաշտոնապես ընթերցվել է Զուբախիի հասցեին մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ` խոսքը ոչ միայն Amazon.com-ի, այլև երկու այլ` Priceline.com և eBay ցանցային ընկերությունների մասին է:
Ամերիկյան կողմը նրան կասկածում է նաև 2009 թվականին կրեդիտ քարտապանների անձնական տվյալները գողանալու մեջ:
Համապատասխան մեղադրանքը Զուբախիի և նրա մեղսակից Սերգեյ Լոգաշովի դեմ ամերիկյան իշխանությունների կողմից առաջադրվել էր դեռևս 2011-ի մայիսից:
Վաշինգտոնը մտադիր է հասնել նրան, որ Զուբախին արտահանձնվի ԱՄՆ: Ներկայում նա գտնվում է Կիպրոսում` կալանքի տակ: Լոգաշովին ձերբակալել չի հաջողվել: Նա հետախուզվում է:
Հաքերներին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում և տուգանք` 250 հազար դոլարի չափով:








































