Բրյուսելում ԵՄ տարածաշրջանային քաղաքականության հանձնակատար Յոհանես Խանն ու Վրաստանի տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին տարածաշրջանային քաղաքականության հարցերով երկխոսության մասին հուշագիր են ստորագրել:
Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ փաստաթուղթը վերաբերում է երկրի շրջանների անհամաչափ զարգացածությանը, ուրբանացմանը և գյուղական տարածքների ռեստրուկտուրիզացիային:
«Երկխոսությունը տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» շրջանակներում և պետք է նպաստի զարգացման պիլոտային ծրագրերի իրականացմանը: Առաջին փուլում Եվրահանձնաժողովն առաջարկում է տեղեկատվական սեմինարներ անցկացնել և մասնագետների փոխադարձ այցելություններ կազմակերպել»,- հաղորդագրությունից մեջբերում է անում Новости-Грузия-ն:
Հուշագրով նախատեսվում է 2012-ին պիլոտային ծրագրերի իրականացման համար Վրաստանին հատկացնել 2 միլիոն եվրո, իսկ 2013-ին արդեն կոնկրետ ծրագրերի համար` 8,3 միլիոն: