«Մինչ խորհրդարանական ընտրությունները, երբ Արարատի մարզի ԲՀԿ շտաբի պետ Կարեն Խաչատրյանը Վովա Գասպարյանի կողմից «տարհանվեց» ու նշանակվեց ոստիկանապետ, դրան հաջորդող օրերին նախագահականում տեղի ունեցած կոալիցիայի նիստի ժամանակ դեռևս կոալիցիայի անդամ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել էր՝ նախագահ ջան, դե հիմա ո՞նց չնեղվեմ, իմ կուսակցական ղեկավարին հանում եք, տանում-գործ եք տալիս»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Գագիկ, նա, առաջին հերթին՝ կուսակցական չէր, ուժային աշխատող էր, ուժային աշխատողն այլ ուժային աշխատանքի է նշանակվել… որ Դուք Բալասանյան Սամվելին տարաք, Բալասանյան Սամվելը Ձե՞րն էր»: Հիմա, փաստորեն, Սամվել Բալասանյանին հերթական անգամ «տանում» են: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Գյումրին ու էլի մի քանի համայնքներ կտրվեն ԲՀԿ-ին, և ՀՀԿ-ն այդ համայնքներում կպաշտպանի ԲՀԿ թեկնածուներին, ասել է թե՝ ՀՀԿ-ականներ չի դնի: Գործարքի քավորը Հովիկ Աբրահամյանն է, պայմանը՝ ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններին պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի բանավոր խոստումը Գագիկ Ծառուկյանը տվել է՝ դարձյալ Հովիկ Աբրահամյանի քավորությամբ:
Չնայած այս խաղը երկակի է, բոլոր այն ԲՀԿ-ականներին, որոնց կպաշտպանի ՀՀԿ-ն, իրենց «արմատում» ավելի շատ ՀՀԿ-ականներ են, քան՝ ԲՀԿ-ականներ և ցանկացած պահի կարող են «տարհանվել»՝ այնպես, ինչպես տարհանվել էր Կարեն Խաչատրյանը»:









































