ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը որոշել է առաջադրվել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Վանաձորում փոփոխություններ կատարելու կարիք է զգացվում: Բացի այդ՝ կարիք կա մարդու իրավունքները պաշտպանելու, վանաձորցու համար արժանապատիվ կյանք ապահովելու. ես ու իմ թեկնածությունը պաշտպանող մարդիկ կարծում ենք, որ կարող եմ անել դա: Վանաձորցու համար արժանապատիվ կենցաղ ապահովելն իմ առաջնային խնդիրն է լինելու»,- նշեց Կարեն Թումանյանը:
Հարցին՝ իր նախընտրական ծրագրում ինչպիսի՞ դրույթներ են ներառված լինելու, փաստաբանը նկատեց, որ շեշտը դնելու է հետևյալի վրա. ինքն իր օրինակով ցույց է տալու, որ ընտրված պաշտոնյան աշխատանքի պետք է գնա՝ ծառայելու իրեն քվե տված քաղաքացուն:
Որքանո՞վ է վստահ, որ վանաձորցիները հենց իրեն են ընտրելու քաղաքապետի պաշտոնում և որքա՞ն մեծ է իր համախոհների բանակը հարցերին էլ, Կարեն Թումանյանը պատասխանեց, որ ընտրություններին բավական ժամանակ կա և նման հարցերի ինքը չի շտապում պատասխանել:









































