Ակնհայտ է, որ սիրիական խնդրի հանգուցալուծումը ժամանակի հարց է և վաղ թե ուշ Ասադը հեռանալու է: Թե ինչպիսին կլինի Ասադի ճակատագիրը հեռանալուց հետո, ու թե ինչ կլինի Սիրիայի վիճակը` դժվար է միարժեք մեկնաբանել:
«Արաբական գարնան» մյուս նախադեպերը այդ առումով ստեղծում են խիստ հարաբերական պատկեր և թողնում հակասական կանխատեսումների հիմքեր: Բայց, մի բան ակնհայտ է, որ դա կլինի Արևմուտքի հերթական տարածաշրջանային էքսպանսիան: Հաղթանակի մասին խոսելիս, իհարկե, պետք է զգուշանալ, քանի որ նաև դժվար է ասել, թե արդյոք դա կլինի հաղթանակ Արևմուտքի համար: Բայց որ կլինի էքսպանսիայի արտացոլում, ակնհայտ է: Իսկ դրանից էլ ակնհայտ կլինի, որ սեղմվում է օղակը Իրանի ու միևնույն ժամանակ նաև Հարավային Կովկասի շուրջ: Այստեղ երկու փոխկապակցված, սակայն առանձին հարթություններ են:
Հարավային Կովկասը Իրանի շուրջ օղակի մի մաս է, միևնույն ժամանակ Իրանն էլ Հարավային Կովկասի օղակի մաս է: Իր հերթին, երկու տարածքներն էլ հանդիսանում են առանձին ռազմավարական նշանակության կրողներ, և Արևմուտքը անկասկած առանձին թիրախների և մտադրությունների մի ամբողջ շարք ունի Իրանի և Հարավային Կովկասի վերաբերյալ: Սակայն, սրանով հանդերձ, պարզ է նաև մի բան, որ այս ամենը Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության դրսևորում է և էական ազդեցություն է ունենում ուժերի հարաբերակցության առումով: Այդ տեսանկյունից, ուշագրավ է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Մոսկվա, որտեղ քննարկման հիմնական թեմաներից մեկն, իհարկե, կլինի Սիրիայի խնդիրը: Այստեղ, անշուշտ, իրավիճակը ևս բազմաշերտ է:
Մի կողմից` թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար անցանկալի է Արևմուտքի ուժեղացումը և էքսպանսիան Իրանի ու Հարավային Կովկասի ուղղությամբ, քանի որ այդ դեպքում երկուստեք նրանք ստիպված են լինելու զսպել սեփական հավակնությունները տարածաշրջանի առաջատար լինելու տեսանկյունից: Մյուս կողմից` Թուրքիան, իհարկե, կունենա թաքուն հույսեր այն առումով, որ արևմտյան էքսպանսիայի շնորհիվ ինքը հնարավորություն կունենա հետ մղել Ռուսաստանին, փոխարենը Արևմուտքից կորզել տարածաշրջանային տեղապահի կարգավիճակը` հետագայում հզորանալու և ինքնուրույն դառնալու թաքուն մտադրությամբ: Այսինքն` Թուրքիայի համար Ռուսաստանը մի կողմից Արևմուտքի բերած վտանգները զսպելու միջոց է, մյուս կողմից` Արևմուտքն է Ռուսաստանի հավակնությունները զսպելու միջոց: Թուրքիայի համար շահեկան է նաև Իրանի և Սիրիայի տարածաշրջանային դիրքերի թուլացումը, թեև մյուս կողմից դա նշանակում է Իսրայելի դիրքերի գերուժեղացում, ինչը Թուրքիայի համար խիստ անցանկալի է:
Ռուսաստանն, անշուշտ, հասկանում է, որ Թուրքիան այստեղ բազմակի խաղեր է խաղում, բայց Մոսկվայի համար այլ ելք չկա, քան դաշնակից ընտրել Անկարային, որովհետև Ռուսաստանը հարավկովկասյան և արաբական ռեգիոնում այլևս ընդմիշտ կորցնում է իր ավանդական դաշնակցային վստահությունը: Այստեղ, իհարկե, շատ լուրջ մարտահրավերներ են հասունանում Հայաստանի համար: Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը Հայաստանի համար երբեք չի եղել ոգևորիչ զարգացում, եթե չասենք հակառակը՝ Հայաստանը այդօրինակ զարգացումներից սովորաբար դուրս է գալիս կորստով` լինի դա ֆիզիկական, թե հոգեբանական-քաղաքական կորուստ: Թուրք-ռուսական գործարքները, որպես կանոն, ավարտվել են Հայաստանի հաշվին, հետևաբար` ներկայումս էլ կա այդ վտանգը, առավել ևս, որ Ռուսաստանը Հայաստանին ակնհայտորեն սկսել է կասկածել արևմտյան կողմնորոշման համար:
Բանն այն է, որ այդ կասկածների առումով Ռուսաստանը նույնիսկ ադրբեջանական քաղաքագետների օգնությանն է արդեն դիմում` նրանց շուրթերով հայտարարելով, թե Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային թուլացումը Հայաստանը կդարձնի առավել խոցելի: Սակայն այստեղ ճշմարտության հատիկ կա, ընդ որում` բավական մեծ հատիկ, եթե Հայաստանն իր ներքին կյանքի փոփոխությունների շնորհիվ չի հասնում պետական որակի մի այնպիսի աստիճանի, որը հնարավորություն կտա ինքնիշխանության այնպիսի մակարդակի հասնել, երբ պետությունն ի զորու կլինի հանրային աջակցությամբ կայացնել իր համար կարևոր որոշումներ` չսպասելով որևէ մայրաքաղաքում կայացվելիք որոշումների: Եթե Հայաստանը գնում է այդ քայլին, ապա այստեղ արդեն Ռուսաստանի և Իրանի թուլացումից Հայաստանը որևէ էական խնդիր չի ունենա: Իսկ եթե Հայաստանը մնում է նույն տնտեսա-քաղաքական, հասարակական-պետական որակի մեջ, ապա իհարկե գլխավոր հովանավոր Ռուսաստանի հեռացումը կարող է դառնալ կատակլիզմների պատճառ, որոնցից նաև կարող է զգալիորեն տուժել Հայաստանը բոլոր առումներով:
Ավելին` թուլացող Ռուսաստանը Հայաստանը կարող է օգտագործել որպես տարածաշրջանային ապակայունացման շանտաժի գործիք, քանի որ ակնհայտ է, որ արևմտյան էքսպանսիայի համար ապակայունացումը խիստ անցանկալի է այն պարզ պատճառով, որ առանց դրա` էքսպանսիան բավական հաջող ընթանում է և կարիք չկա այն դնել ավելորդ ռիսկի տակ: Այստեղ, իհարկե, Հայաստանի խնդիրը այլ է դառնում կամ այլ լույսի ներքո երևակվում է բոլորովին ուրիշ՝ առավել լայն դիրքում: Բանն այն է, որ Հայաստանի համար ոչ թե էական է գտնել Ռուսաստանի թուլացման պարագայում սեփական ներուժը ամրացնելու և այդպիսով անվտանգության հարցը գլոբալ մակարդակով լուծելու հնարավորություն, այլ էական է հենց Ռուսաստանի թուլացումն օգտագործել այդ հնարավորության համար, փոխվելու համար, փոխելու համար, բոլորովին այլ որակի պետություն ստանալու համար:
Բանն այն է, որ Ռուսաստանն այդ հարցում Հայաստանի ամենամեծ խոչընդոտներից մեկն է, քանի որ Մոսկվայի հարավկովկասյան ամբողջ ստրատեգիան կառուցված է Հայաստանին արտաքին վտանգ, արտաքին վախ ներշնչելու փիլիսոփայության վրա: Երբ դուրս է գալիս այդ ամենը, ապա անմիջականորեն փլուզվում է ոչ միայն Ռուսաստանի հայաստանյան, այլ կովկասյան քաղաքական մարտավարությունն ընդհանրապես: Մինչդեռ այդ վտանգի ներշնչումը իրապես չափազանցված է, որովհետև ամեն ինչ կախված է Հայաստանի ներքին որակից, և այդ որակն է Հայաստանի համար վտանգի կամ անվտանգության հիմնական աղբյուրը: Բայց այդ որակի հարցում է, որ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանում էական համակարգային փոփոխություններ, քանի որ այդ պարագայում չի աշխատի վախի կամ վտանգի ստրատեգիան: Այդ հարցերը Հայաստանի համար ավելի ու ավելի են հրամայական դառնալու, նկատի ունենալով օղակի սեղմումը: Հետևաբար` այս հարցերին Հայաստանը ստիպված է գտնել հնարավորինս շտապ պատասխաններ: Ընդ որում` այդ պատասխանները պետք է ունենան հանրային լեգիտիմություն և ձեռք բերվեն հասարակական համաձայնության իրական դրսևորմամբ, որպեսզի դրանք արժեք ունենան և լինեն միջազգային քաղաքականության փոխարկելի միջոցներ:











































