Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ երեկ Մոսկվայում թուրքական պատվիրակությանն ընդունելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռքի շարժումով նրան հրավիրել է իր մոտ: Տեսանյութը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Պուտինից Դավութօղլուին «արի-արի» շարժում»: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ Դավութօղլուին հասցեագրած Պուտինի այդ շարժումը որակել են որպես «շոկային»:
Այս տարվա մարտի վերջին էլ Դավութօղլուն հայտնվել էր նմանատիպ պատմության մեջ, երբ Սեուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի վերջում նրա ուղղությամբ Օբամայի արած ձեռքի շարժումը Թուրքիայում տարատեսակ քննարկումների թեմա էր դարձել: Ասուլիսի վերջում Օբաման Էրդողանի հետևում կանգնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ձեռքի շարժումով ցույց էր տվել՝ «արի մեր հետևից»:









































