Մյունխենի ընտանիքի գործերով դատարանը հրաժարվել է ամուսնալուծել կնոջը, որը ներքաշվել է խարդախության մեջ: Այս մասին հայտնում է sueddeutsche.de-ն:
Մի կողմից՝ դատարանը վճռել է, որ այն ամուսնության վկայականը, որտեղ նշված է Մյունխենի բնակչուհու անունը, կարելի է համարել իրական, մյուս կողմից՝ նշում է, որ այդ միությունը պաշտոնապես գոյություն չունի:
Անսովոր խճճված գործը տարբեր ատյաններում դատարանը քննում է 2008-ից ի վեր:
Փաստաթղթերում նշվում է, որ Գերմանիա եկած Աննա Կ.-ն իր համար փնտրել է պոտենցիալ փեսացու: Նա դիմել է ամուսնական գործակալություն, որը կնոջը ծանոթացրել է 20-ամյա մի հնդկացու հետ:
Վերջինս Աննային դուր չի եկել, սակայն հանդիպումից մի քանի օր անց Աննան փոստով ծանուցում է ստացել, որ ինքն ամուսնացել է վերոնշյալ երիտասարդի հետ: Ամուսնությունը վավերացվել էր Բոսնիա և Հերցեգովինայում: Ստորագրությունը, ըստ կնոջ, կեղծվել է: Ենթադրաբար, երիտասարդը պատճենել է Աննայի թղթերն ու օգտագործել դրանք ամուսնությունը գրանցելու ու Գերմանիայում բնակվելու իրավունք ստանալու համար:
Ամուսնությունից հետո Աննան դիմել է դատարան` խնդրելով իր ամուսնությունը անօրինական ճանաչել: Դատարանը, սակայն, նրան առայժմ ոչնչով չի կարող օգնել: Դատարանը կարծում է, որ կինը երբեք ամուսնացած չի եղել, և նա ամուսնալուծվելու կարիք չունի: Սակայն փաստաթուղթը նրան խանգարում է ամուսնանալ իր ներկայիս ընկերոջ հետ:
Հայտնի չէ, թե ներկայում ինչ է պատրաստվում անել կինը:









































