Այսօր Մումբայում կյանքի 69-րդ տարում իր մահկանացուն է կնքել հնդիկ դերասան Ռաջեշ Կհաննան: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ դերասանը մահացել է ամիսներ տևած հիվանդությունից հետո: Այս շաբաթվա սկզբին նրան դուրս էին գրել հիվանդանոցից: Մահը վրա է իր հասել տանը: Մահվան պատճառը չի հաղորդվում:
Ռաջեշ Կհաննայի դեբյուտը եղել է 1966 թվականին: Նա նկարահանվել է «Վերջին նամակը» (Aakhri Khat) ֆիլմում: Դերասանին մեծ ճանաչում է բերել 1969 թվականին վարձույթ դուրս եկած «Նվիրում» (Aradhana) ֆիլմը, որն իրենից ներկայացնում է 1946 թ. հոլիվուդյան՝ «Յուրաքանչյուրին իր ձևով» ֆիլմի ռիմեյքը:
Կարիերայի ընթացքում Ռաջեշ Կհաննան նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում, որից 130-ում հանդես է եկել գլխավոր դերով: 1990-ականներին դերասանը սկսել է քիչ նկարահանվել: Կհաննան կրել է Բոլիվուդի «առաջին սուպերաստղի» ոչ պաշտոնական տիտղոսը:











































