Արիզոնայի շերիֆ Ջո Արփայոն հայտարարել է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականի իսկությունը ստուգած իր օգնականները փաստաթուղթը կեղծ են ճանաչել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Թե ինչպես է հիմնավորվում այդ եզրակացությունը՝ չի նշվում: Հաղորդվում է, որ Արփայոյի գլխավոր օգնական Մայք Զուլոն, վերլուծելով փաստաթղթի թվային ծածկագրերը, հայտնաբերել է, որ Օբամայի ծննդյան վկայականի որոշ կետեր լրացված չեն:
Արփայոյի օգնականները, որոնք աշխատում են կամավորական սկզբունքով, ստուգել են Օբամայի ծննդյան վկայականի ամբողջական տարբերակը, որը 2011 թ. ապրիլին էլեկտրոնային տարբերակով հրապարակել էր Սպիտակ տունը:
Հետաքննության նախնական տվյալները հրապարակվել էին մարտի 1-ին: Այդ ժամանակ Արփայոն հայտարարեց, որ համոզված չէ Օբամայի ծննդյան վկայականի իսկության մեջ: Զուլոն պնդում էր, որ թղթային տարբերակով այդ վկայականը երբեք գոյություն չի ունեցել: Նրա կարծիքով՝ այն ստեղծվել է համակարգչի միջոցով: Փաստաթղթի ստուգման մեթոդիկան բացատրվում է հատուկ ֆիլմում: Արփայոյի օգնականները փորձել են փաստաթղթում հայտնաբերել առանձին շերտեր և ապացուցել, որ դրանք դրվել են համակարգչային վերամշակման արդյունքում:
Հավայիի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Օբամայի ծննդյան վկայականն իրական է: Մայիսի 23-ին Արիզոնա նահանգի քարտուղար, հանրապետական Քեն Բենեթն ընդունեց Հավայիի ղեկավարության փաստարկները՝ հայտարարելով, որ Օբամայի անունը կներառվի 2012 թ. նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում:
ԱՄՆ-ում գոյություն ունի այսպես կոչված «բըրթերների» (birthers, birth` ծնունդ բառից) շարժում, որոնք կասկածի տակ են դնում Օբամայի ծննդյան վկայականի իսկությունը:
Արփայոն, որն իրեն համարում է «Ամերիկայի ամենազիլ շերիֆը», ԱՄՆ-ում մեծ ճանաչում է ձեռք բերել անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի դաժան մեթոդների պատճառով:








































