Շվեյցարիայի Նյոն քաղաքում մեկնարկել է բաց երկնքի տակ եվրոպական երաժշտական խոշորագույն փառատոններից մեկը՝ Պալեոն: Թվով 37-րդ փառատոնը կտևի մինչև կիրակի: Փառատոնի ընթացքում 6 տարբեր բեմահարթակներում կանցկացվեն ավելի քան 200 համերգներ՝ մի քանի տասնյակ կատարողների մասնակցությամբ: Համերգային ծրագիրը ներառում է այնպիսի աշխարհահռչակ անուններ, ինչպիսիք են Սթինգը, Լենի Կրավիցը, Դևի Գետան, Մանու Չաոն, The Cure, Garbage և Franz Ferdinand խմբերը:
Պալեոյի կազմակերպիչները կանխատեսում են, որ վեց օրերին երաժշտական մարաթոն կայցելի 230 հազար մարդ: Կազմակեպիչների միակ մտահոգությունը եղանակն է: Այս տարի անձրևները Շվեյցարիայում հաճախակիացել են: Նրանց հանգստացնում է այն հանգամանքը, որ այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են: 2011 թվականին փառատոնի այցելուների 60 տոկոսը եղել է մինչև 30 տարեկան:
46 տարի առաջ որպես ժողովրդական երաժշտության տոնահանդես հիմնված Պալեոն վերաճել է փառատոնի՝ դառնալով Եվրոպայում բաց երկնքի տակ երկրորդ խոշորագույնը՝ Բուդապեշի Սիգետայից հետո: Ի տարբերություն հունգարական փառատոնի, որի հյուրերի մեծ մասը արտերկրից են, Պալեոի այցելուների 89 տոկոսը երկրի բնակիչներն են:






































