Չնայած Հարավաֆրիկյան Հանրապետությունում որսի խստացված կանոններին ու որսագողների դեմ պատժամիջոցների կիրառմանը, որսագողերը շարունակում են ոչնչացնել ռնգեղջյուրներին, որոնք առանց այդ էլ գտնվում են անհետացման վտանգի տակ: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Հարավային Աֆրիկայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը հաղորդել է, որ տարեսկզբից որսագողերը սպանել են 281 ռնգեղջյուր, որից 164-ը՝ խոշորագույն՝ Կրյուգերի պարկում: Եթե ռնգեղջյուրների ոչնչացումը շարունակվի նման տեմպով, ապա սպանված կենդանիների թիվը կարող է գերազանցել անցած տարվա ռեկորդային ցուցանիշը՝ 448-ը:
Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են 176 որսագողեր և ռնգեղջյուրի եղջյուրների առևտրով զբաղվողներ:
Եղջյուրը արևելյան բժշկության մեջ հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն ոսկուց թանկ արժե՝ 1 կգ-ն 50 հազարդ դոլար: Չնայած գիտնականները վաղուց ապացուցել են, որ այն ոչ մի բուժիչ հատկություն չունի, ռնգեղջյուրների որսը շարունակվում է:
Այս տարվա ապրիլին Նայրոբիում կայացած համաժողովին նշվել է, որ Աֆրիկայում ռնգեղջյուրների պոպուլյացիան 1970 թվականից նվազել է 90 տոկոսով: Սև մայրցամաքում 25 հազար ռնգեղջյուր է մնացել:






































