ԱՄՆ-ը և Պակիստանը վերսկսում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2011 թ. նոյեմբերին ԱՄՆ ավիացիայի կողմից 24 պակիստանցի զինվորների սպանությունից հետո: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան և պակիստանյան աղբյուրներին, Պակիստանի հատուկ ծառայությունների ղեկավար գեներալ Զահիրուլ Իսլամն արդեն հուլիսին կմեկնի Վաշինգտոն՝ ԿՀՎ ղեկավար Դևիդ Պետրեուսի հետ բանակցություններ վարելու համար:
Ընդ որում, նշվում է, որ ամերիկյան կողմը չի ընդունի Պակիստանի պահանջները՝ դադարեցնել Պակիստանի տարածքում անօդաչու սարքերի հարվածները:
Պակիստանի իշխանությունները պնդում են, որ երկրի հյուսիս-արևմուտքում զինյալների դեմ օդային գործողություններում օգտագործվեն Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ պատրաստ են զարգացնել հարաբերությունները:








































