Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Շատ կարևոր ա հասկանալ`որտեղից են սնվում հակաարևմտյան տրամադրությունները Հայաստանում: Պատմությանը որ նայես` նոր բան չեն դրանք, դեռ Խորենացու ժամանակներից կան: Խորենացու ժամանակ Արևմուտքը Բյուզանդիան էր, իսկ Արևելքը` Ասորիքն ու Պարսկաստանն էին, և պայքարը հունասերների ու ասորասերների/պարսկասերների միջև սուր էր շատ, գուցե ավելի սուր քան էսօր: Խորենացին հունասեր էր, էսօրվա բառով ասած` արևմտական և դրա համար կյանքի որոշակի մի շրջանում հալածվել ա` մինչև մեռնելն ու հայոց պանթեոն մտնելը:
Մենակ Խորենացին չի, հայոց պանթեոնի մեջ մտած անունների համարյա 90 տոկոսը, եթե ոչ ավելին, արևմտականներ են եղել, բայց արի ու տես, որ հակաարևմտականությունը մեզանում միշտ կա, ընդ որումոչ թե 10 տոկոսի, այլ շատ ավելի մեծ չափերով: Սա առաջին հայացքից պարադոքս ա թվում, բայց իրականում հստակ պատճառ ունի, և պատճառը քաղաքական ա: Հայ գրողների գերակշիռ մեծամասնությունը արևմտական էին, որովհետև ակնհայտ էր Արևմուտքի (նախ Բյունզանդիայի, հետո արդեն Եվրոպայի) քաղաքակրթական առավելությունը Արևելքի նկատմամբ, բայց Հայաստանը քաղաքականապես Արևմուտքի մաս դարձնել մեր պետական ու քաղաքական գործիչներին ոչ մի անգամ վերջնականորեն չհաջողվեց, Արևելքը միշտ ներկա էր ու էսօր էլ ներկա ա Հայաստանում` որպես քաղաքական առայժմ անհաղթահարելի գործոն:
Էսօր Ասորիքը չկա, Իրանը կա, բայց Հայաստանի քաղաքական կյանքում շատ էական ազդեցություն չունի, էսօրվա մեր Արևելքը նախ և առաջ Ռուսաստանն ա և Հայաստանում եղած հակաարևմտականությունն էսօր հենց ռուսական աղբյուներից ա սնվում հիմնականում:
Ռուս դասականներից շատ-շատերն են հակաարևմտական եղել (հենց մենակ Դոստոևսկու մոլեգին հակաարևմտականությունն ինչ ասես արժի): Իսկ սովետական շրջանումհակաարևմտականությունն արդեն երկրի պաշտոնական գաղափարախոսությունն էր և հանդես էր գալիս որպես «պայքար իմպերիալիստների դեմ»:
Էսօր Սովետական Միությունը չկա, բայց հակաարևմտականությունը Ռուսաստանում առաջվա պես ուժեղ ա և դրսևորվում ա որպես արևմտյան քաղաքակրթությանը հակադրվող ռուսական/եվրասիական նոր քաղաքակրթություն/քաղաքական ալյանս ստեղծելու հավակնություն: Ու քանի որ էտ քաղաքական ալյանսի` Եվրասիական միության մեջ ռուսները ցանկանում են տեսնել նաև Հայաստանը, Ռուսաստանից եկող հակաարևմտյան նպատակաուղղված քարոզչությունը Հայաստանում գնալով կուժեղանա, եթե չհանդիպի գիտակցված և կազմակերպված դիմադրության:








































