Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մշակվել է հանրային հանգստի և զվարճությունների համար առաջին երկնաքերի շինարարության նախագիծը: Ոլորտի մասնագետների համար դժվար է պատկերացնել հսկա երկնաքեր՝ նախատեսված բացառապես հանգստի ու զվարճանքի համար: Այն կլինի լատինաամերիկյան երկրի ամենաբարձր շինությունը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
Երկնաքերը զգալիորեն կթեթևացնի մայրաքաղաքի Չապուլտեպեկ այգու հոգսը, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ իրենց հանգիստն են անցկացնում՝ այն դեպքում, երբ չեն կարողանում քաղաքից դուրս գալ: Պարաբոլոիդ հիշեցնող 330 մետրանոց երկնաքերը կունենա 26 հարթակ՝ այցելուների ժամանցի համար:
Շենքի տրամագիծը 100 մետր է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 250 հազար քմ: Այն կունենա ատրակցիոնների այգի, մանկական և մարզական հրապարակներ, գոլֆի դաշտ, մշակութային կենտրոն, գրադարան:
Նախագծի հեղինակների խոսքով՝ նախագիծը ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրման կարիք ունի: Նրանք հուսով են, որ ծախսերն արագ կփոխհատուցվեն՝ այցելուների կանխատեսվող վիթխարի հոսքի և վճարովի ավտոկայանատեղիի շնորհիվ: Ավտոկայանատեղին կլինի շինության ստորին երկու հարթակներում:










































