«Օգոստոսի 5-ին Թալինում կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուների միջև: Համայնքի ղեկավարի առաջադրված 8 թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամներ են: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն սատարելու է թեկնածուներից 3-ից մեկին. «Մյուս երկուսը ստիպված կլինեն ինքնաբացարկ հայտնել»: Հարցին, թե ՀՀԿ-ն նշյալ թեկնածուներից ում Է պարտադրելու ինքնաբացարկ հայտնել, Սահակյանը պատասխանեց. «Թեկնածուների հետ պայմանավորվածությունն այդպիսին է: Նրանք համաձայնել են` կդնեն, հետո կհանեն: Սա կուսակցության հրամայականն է»»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Չնայած մեզ հետ զրույցում մարզպետը ժխտեց, որ ՀՀԿ-ական թեկնածուների միջև ընտրություն դեռ չեն կատարել, սակայն ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ՀՀԿ-ն պաշտպանելու է Սարգիս Արամյանի թեկնածությունը:
Իսկ ԲՀԿ-ն ներկայացնող միակ թեկնածուն՝ Վազգեն Խաչատրյանը, պատասխանելով «ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք մարզային իշխանությունների օլիգարխիկ վարքագիծն իր ազդեցությունը կթողնի՞ ընտրական ելքի վրա, ասաց. «Արդեն թողել ա»:
Նշենք, որ առաջադրված 25 ավագանու թեկնածուներ պայքարելու են 11 ավագանու անդամության համար: Առաջադրվածներից 3-ը կին են»:











































