Օրերս Հայաստանի արտգործնախարարի հրավերով Երևան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին Հայաստան գալուց առաջ հարցազրույց տալով, ասել էր, թե Վրաստանով ու Աբխազիայով անցնող և Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին իհարկե անհրաժեշտ է Հայաստանին, բայց պետք չէ ասել, թե Հայաստանն առանց դրա «խեղդվում» է:
Այստեղ, իհարկե, Վրաստանն ինչ-որ առումով փորձում է իր վիճակը մեղմել կամ, ավելի շուտ, մեղմել իր պատասխանատվությունը Հայաստանի տրանսպորտային շրջափակման, այդ շրջափակումը խորացնող Կարս-Ախալքալաք նախագծին միանալու համար, որի հեղինակը Թուրքիան ու Ադրբեջանն են: Սակայն, Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը թերևս արժե դիտարկել նաև հակառակ կողմից, ու այս դեպքում արդեն Վաշաձեի խոսքերի հետ ոչ միայն պետք է համաձայնել, այլ պետք է դրա տակ տեսնել նաև Հայաստանի համար էական խնդիր՝ տնտեսական ռեսուրսների օպտիմալ օգտագործման խնդիրը:
Ի վերջո, որքան էլ այս կամ այն պետությունը պատասխանատու է Կովկասում բաժանարար մի շարք գծերի և դրա հետևանքով մի շարք կոմունիկացիաների խափանման համար, այնուհանդերձ, մենք պետք է ընդունենք, որ այդ իրողությունները որոշակիորեն օբյեկտիվ են այն իմաստով, որ ամեն պետություն անզիջում է իր շահի առումով: Ու քանի որ շահերի հակասություն կա, ապա ինչ-որ առումով իրավիճակը դառնում է օբյեկտիվ: Հետևաբար, Հայաստանին հարկավոր է, այդ օբյեկտիվ իրավիճակում արդարացումներ կամ մեղադրյալներ որոնելու փոխարեն, գտնել առկա վիճակում սեփական գոյության ամենաարդյունավետ տարբերակը: Այսինքն, կա շրջափակում, չի գործում երկաթուղային կապը կարևոր շուկա և տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ, բայց դա օբյեկտիվ իրականություն է, և հարկավոր է մտածել առկա ռեսուրսները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու մասին:
Ճանապարհները դեռ երկար ժամանակ կարող են փակ մնալ, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դեռ երկար ժամանակ կարող են այդ հարցում անզիջում լինել, Վրաստանը դեռ երկար կարող է Ռուսաստանի հետ շատ վատ հարաբերություն ունենալ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլ երկակի խաղ խաղալ: Հայաստանն այս ամենի դեպքում ունի մեկ անելիք՝ առավելագույն օպտիմալությամբ օգտագործել իր ներքին ռեսուրսները, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության հնարավորությունները: Դրա համար հարկավոր է ազգային ուժեղ գաղափար, որի առանցքը չի լինի Ցեղասպանությունը կամ ազգային-ազատագրական էմոցիոնալ մի բան:
Ազգային նոր գաղափարի հիմքում պետք է լինեն առավել պրակտիկ, կենսունակ արժեքներ: Իսկ դրանք կարելի է ամփոփել պետություն հասկացությամբ: Այսինքն՝ ազգային նոր գաղափարը պետք է լինի պետությունը՝ հայկական պետականությունը: Մոտ երկու տասնամյակ է՝ Հայաստանն անկախ պետություն է, սակայն այն դեռ չի դարձել համահայկական նախագիծ, որը կդիտվի համահայկական, ազգային խնդիրները լուծելու միջոց: Դժբախտաբար, այդ խնդիրներից շատերն այսօր ավելի վեր են դասվում, քան պետությունը: Սակայն այստեղ, իհարկե, շատ մեծ պատասխանատվություն ունի Հայաստանի իշխանությունը, որը թե՛ իր խոսքով, թե՛ իր վարքով, բարքերով և նկարագրով, որևէ կառուցողական, ոգևորիչ, խրախուսող մեսիջ չի հղում սփյուռքին, չի տրամադրում ներդրումներ և օգնություն հղել Հայաստան, Հայաստանը դարձնել համահայկական ռեսուրսի կենտրոն, և այդ կենտրոնից էլ տարածել աշխարհով մեկ սփռված հայկական խնդիրների լուծումները՝ սկսած Ցեղասպանության միջազգային ճանաչումից, վերջացրած հայապահպանությամբ:
Եթե Հայաստանում ձևավորվի արդարացի սկզբունքների, համամարդկային արժեքների, օրենքի և իրավունքի վրա հաստատված միջավայր, եթե պայքար մղվի երկիրը ներսից հոշոտող կոռուպցիայի, ամենաթողության դեմ, եթե չեզոքացվեն արտոնյալ խավերը, եթե լինի իրավահավասարության, իրավական և քաղաքական պատասխանատվության միջավայր, տնտեսական ազատություն, մրցակցություն, Հայաստանը կարող է զգալիորեն չեզոքացնել ցամաքային շրջափակման հետևանքը: Հայաստանը կարող է համահայկական ջանքը համախմբել իր մեջ և այդպիսով որակապես այլ պետություն դառնալ՝ տեխնոլոգիական հրաշքներով հաղթահարելով ժամանակն ու տարածությունը: Բայց դրա համար պետք է նվիրում, պետք է աշխատանք, պետք է երազանք: Այդ ամենը պետք է լինի իշխող էլիտաների ներսում, բայց մեր իշխող «էլիտաների» ներսում միայն փող է և իշխանության մոլուցք, ու դրա համար էլ Հայաստանը խեղդվում է:
Հայաստանը ճանապարհի բացակայությունից չէ, որ խեղդվում է, այլ օրենքի, իրավունքի, ազատության, մրցակցության, երազանքի բացակայությունից է խեղդվում:











































