Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացած 21-ամյա հղի կնոջ` Մարո Գուլոյանի գործով առայժմ այլ նորություն չկա, բացի այն, որ 4-ամսական հղի կնոջ մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (նշված հոդվածը նախատեսում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում ինքնասպանության հասցնելու համար)։
Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ոստիկանությունը Աբովյանի բժշկական կենտրոնից հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ էր ստացել, որ Առինջ գյուղում Մարո Գուլոյանը իրենց տան բաղնիքում ինքնասպանություն է գործել խալաթի գոտիով կախվելու միջոցով: Սակայն մահացած կնոջ հարազատները շարունակում են պնդել, որ Մարոն ինքնասպանություն չի գործել, և նրա մարմնի վրայից էլ բացակայել են պարանի հետքերը: 1,8 տարեկան աղջիկ ունեցող կնոջ ընտանեկան կյանքը, հարազատների պատմելով, շատ ծանր է եղել. նա մշտապես կապտուկների մեջ է եղել։ Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծի է ենթարկել նրան։ Մարոն չդիմանալով՝ ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։
Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր երկվորյակ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:
Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը:
Նշենք, որ մահացած 21-ամյա կնոջ պատմությունը գտնվում է նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և Կանանց ռեսուրսային կենտրոնի ուշադրության առանցքում, որոնք հետևողական են լինելու գործի արդարացի քննությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին երկու կազմակերպությունների ներկայացուցիչները:








































