Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի երթուղային տաքսիների երթուղիները վերահսկող «Թբիլիսյան միկրոավտոբուս» ընկերությունը պատժել է երթուղային տաքսիների երեք վարորդի՝ իրենց մեքենաներում օդորակիչ չմիացնելու համար:
Ընկերությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ ներքին կանոնակարգին չենթարկվելու համար պատժվել է 42 վարորդ, որոնք 10 օրով զրկվել են տվյալ գծում մեքենա վարելու իրավունքից: Նմանատիպ գործողությունների կրկնման դեպքում ընկերությունը պատրաստ է դիմել ավելի խիստ պատժամիջոցների:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբից սկսած՝ Թբիլիսիի երթուղային ավտոպարկը համալրվել էր 2011 թվականի արտադրության, դեղին գույնի Ford Transit 2646 նոր միկրոավտոբուսներով: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ամեն օր յուրաքանչյուր միկրոավտոբուս երթուղի դուրս գալուց առաջ նախ ուղարկվում է ավտոլվացման, ապա անցնում է տեխզննում և հետո նոր դուրս գալիս երթուղի: Հուլիսի 1-ից մայրաքաղաքի երթուղային տաքսիներում պարտադիր է դարձել օդորակիչների միացումը:











































