Սաուդյան Արաբիայի բարեգործության աջակցության և չարիքի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Աբդուլ Լատիֆ Ալ-Շեյխը հայտարարել Է, որ նոր կանոնների համաձայն՝ որոշակիորեն կսահմանափակվի իր ենթակաների գործողությունների ազատությունը: Ինչպես հաղորդում է NEWSru.co.il գործակալությունը, այդ միջոցառումները պետք է արդյունքում թուլացնեն տեղի բարոյականության ոստիկանության շուրջ ծավալված լարվածությունը:
Մասնավորապես, այժմ կրոնական ոստիկանության աշխատակիցներին կարգելվի հետապնդել հասարակական հանգստությունը խախտելու մեջ կասկածյալներին:
Հիշեցնենք. նախկինում երկրի իշխանությունները քննում էին մի տղամարդու մահվան հանգամանքները, որը վթարի էր ենթարկվել՝ փախչելով բարոյականության ոստիկանության հետապնդումներից: Ոստիկաններին դուր չէր եկել, որ 34-ամյա Աբդուլռահման Ալ-Համիդին մեքենայում երաժշտությունը չափազանց բարձր էր միացրել: Տղամարդը փորձել էր փախչել ոստիկանության հետապնդումից, արդյունքում վթարի էր ենթարկվել և մահացել:









































