Yahoo Sports-ը տեղեկացնում է, որ մրցավարին սպանելու համար սլովակ հոկեյիստ Լադիսլավ Շկուրկոն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Միջադեպը տեղի է ունեցել 2008 թվականին:
2009 թվականի ապրիլին Շկուրկոն խոստովանեց, որ սպանել է հոկեյի 26-ամյա մրցավար Մարեկ Լապտային, ում հասցրել է դանակի 14 հարված: Դիակը հայտնաբերվել է 2008 թվականին` Կոշիցեյի մոտակայքում գտնվող անտառում: Մարզիկը 2 տարի անցկացրեց բանտում, սակայն 2011 թվականի նոյեմբերին ազատ արձակվեց և մասնակցեց 2011/12թթ մրցաշրջանի վերջնամասին:
Անցած տարվա հուլիսին Շկուրկոն հայտարարեց, որ նախկին խոստովանությունը ոստիկանությունը հրապարակել է խաբեությամբ, և ինքը հրաժարվում է ընդունել այն: Գործը վերսկսվեց: Մեղադրող կողմը պահանջում էր հոկեյիստին դատապարտել 15 տարվա ազատազրկման, սակայն դատարանը նրան ազատազրկեց 8 տարով:
26-ամյա Շկուրկոն 2005 և 2006թթ մասնակցել է հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնություններին, 2007 թվականին «Կոշիցե»-ի կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն: