Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, առաջին փուլում մոտ 75 տոկոս ձայներով կհաղթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածուն՝ Վիտալի Բալասանյանը, կհավաքի մոտ 20 տոկոսը:
«Երրորդ թեկնածուի՝ Արկադի Սողոմոնյանի հնարավորությունները 5 տոկոսի սահմանում են: Կարծում ենք՝ նրան կաջակցեն ուսանողները և իր բարեկամները»,- ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանի խոսքով` եթե լսես Վիտալի Բալասանյանին, ապա Արցախում ամեն բան շատ վատ է, վերջին տարիներին միայն հետընթաց է գրանցվել: «Բալասանյանն ասում է՝ ամեն ինչ կանեմ, սակայն չի ասում՝ ինչպես: Անհասկանալի է, թե ինչու է նա առկա խնդիրների մասին այսքան տարի լռել:
Ինչ վերաբերում է տոկոսային հարաբերություններին, ապա ապակողմնորոշվածների թիվը մեծ է, հատկապես` երիտասարդների շրջանում: Արցախցի երիտասարդների 65 տոկոսը չի որոշել, թե ում է տալու իր քվեն: Չկողմնորոշվածների թվում են նաև տնային տնտեսուհիները, ֆերմերները»,- նշեց նա՝ հավաստիացնելով, որ ԼՂՀ նախագահական ընտրություններին կաշառք ասվածը տեղ չի ունենալու:
Ահարոն Ադիբեկյանը նաև նկատեց, որ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն այս անգամ չի հավաքի նախորդ անգամ հավաքած 85 տոկոս ձայները, քանի որ իր նախագահության տարիներին խստորեն պայքարել է մանր կաշառակերության դեմ:
«Ակնկալում ենք, որ նախագահական ընտրություններին կմասնակցի Արցախի բնակչության մոտ 75 տոկոսը: Ազատ ու արդար ընտրությունների կայացմամբ ԼՂՀ-ն պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ քաղաքակիրթ ու առաջադեմ պետություն է, անպարտելի երկիր-ամրոց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է այսօր՝ հուլիսի 17-ին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































