ԱՄՆ Սենատը Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկին՝ HSBC-ին, մեղադրել է նրանում, որ, իբր, բանկի ղեկավարությունը թույլատրում է Մեքսիկայի նարկոկարտելներին անօրինական գումարները «լվանալ» խոշորագույն այս բանկի մասնաճյուղերի միջոցով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ HSBC-ի մասնաճյուղերը շրջանցել են Իրանի և մի շարք այլ երկրների հետ համագործակցություն իրականացնելու` ԱՄՆ կողմից սահմանված արգելքը։ Զեկույցում նաև նշվում է, որ ԱՄՆ գերատեսչություններից մեկին այս երևույթի մասին հայտնի է եղել դեռ 10 տարի առաջ, սակայն ոչ մի քայլ չի իրականացվել՝ այս ամենը կանխելու։
Այսօր ԱՄՆ Սենատում կանցկացվեն հատուկ լսումներ, որի ժամանակ իրենց տեսակետները կարտահայտեն և սենատորների հարցերին կպատասխանեն HSBC-ի ներկայացուցիչները, ինչպես նաև դաշնային պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են այս ոլորտի համար։