Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակը հայտարարել է կառավարական ուժերի վրա լայնամասշտաբ հարձակում սկսելու մասին։ Հուլիսի 16-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ այդ օրը երեկոյան ժամը 20։00-ից սկսված հարձակումը պատասխանն է Բաշար Ալ-Ասադի կառավարության կողմից իրականացվող սպանդի։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Ապստամբները նպատակադրվել են հարձակումներ գործել կառավարական ուժերի վրա Սիրիայի ողջ տարածքում, որի նպատակն է «Ասադի կողմնակիցներին ստիպել հանձնվել կամ ոչնչացնել նրանց»։ Բացի այդ, ապստամբներն ասել են, որ օրինական են համարում Ալ-Ասադի ռեժիմը պաշտպանող «Հըզբոլլահի» և Իրանի հեղափոխության պահապանների խմբավորումների վրա հարձակումները։
Երեկ ապստամբները հայտարարել են, որ գործող ռեժիմի դեմ պայքարում արձանագրվել է բեկում, քանի որ նրանց հաջողվել է ամրապնդվել մայրաքաղաք Դամասկոսի երկու շրջաններում։









































