«Ինտերակտիվ TV» և Ucom ընկերությունների միջև գործարքը՝ Ucom-ի «Ինտերակտիվ TV»-ի կողմից 100 % բաժնետոմսերի գնման հետ կապված դեռ ավարտված չէ. խնդիրը պետք է ուսումնասիրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` պարզելու, թե այս գործարքի արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է, թե ոչ:
ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հանձնաժողովը դեռ որևէ դիմում չի ստացել ո՛չ «Ինտերակտիվ TV»-ից, ո՛չ Ucom-ից:
Նշենք, որ վերջին տարիներին հաճախակիացել են ՏՀՏ ոլորտում ընկերություների կլանումները: Այսպես, 2004թ., 2005թ. և 2010թ. հայկական ՏՏ ոլորտի միկրոսխեմաների նախագծման սեգմենտում տեղի ունեցավ խոշոր գործարք երկու ընկերությունների միջև: Synopsys Inc. ընկերությունը, որը հանդիսանում է կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար լուծումների մշակման ոլորտի առաջատարը, ձեռք բերեց LEDA Design, Monterey Arset, HPL Technologies և Virage Logic ընկերությունները: Synopsys-ին պատկանող ծրագրավորման նոր համատեղ կենտրոնը Հայաստանում այժմ ծրագրավորման ոլորտի ամենախոշոր տեղական ձեռնարկությունն է, որտեղ աշխատում է ավելի քան 500 աշխատակից: Նախկինում պետական ձեռնարկություններ «Մարս» էլեկտրոնային գործարանը, Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը ՀՀ կառավարության կողմից վաճառվել են ռուսական ներդրողներին: Brience ամերիկյան ընկերության հայկական մասնաճյուղը վաճառվել է Lycos Europe գերմանական ընկերությանը: Հայտնի է նաև Հայաստանում գիտահետազոտական կենտրոն ունեցող Ponte Solutions ամերիկյան ընկերության ձեռքբերումը Mentor Graphics ԱՄՆ կորպորացիայի կողմից: Իսկ անցած տարի նույն Ucom-ը կլանեց «Նետսիս» ընկերությանը:











































