Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղում՝ Աբովյան 19 հասցեում գտնվող շենքի մայթի հանրային տարածքում արդեն մի քանի օր է հողաշինարարական աշխատանքներ են սկսվել: Այսօր բնապահպան ակտիվիստները զրուցեցին տարածքում աշխատող շինարարների հետ` պահանջելով ներկայացնել շինաշխատանքների թույլտվությունը, որից հետո նրանք դադարեցրին շինաշխատանքները և հեռացան:
Բնապահպան Լևոն Գալստյանը ահազանգեց Կենտրոնի ոստիկանության բաժանմունք՝ ասելով, որ կատարվում է շինարարություն, որի կատարողները չեն կարողանում ցույց տալ շինարարության թույլտվություն: Աբովյան 19 շենքի բակում ոստիկանները բացատրություն վերցրին Լևոն Գալստյանից և մի երիտասարդից, որը ներկայացավ շինարարության հետ կապ ունեցող: Ոստիկաններն ասացին, որ այս պահին շինաշխատանքների թույլտվություն չկա, ուստի իրենք արձանագրություն կկազմեն և կուղարկեն Քաղաքապետարան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի երիտասարդ, որը ոստիկաններին ներկայացել էր շինարարության պատասխանատու, ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ, ինքը շինարարության հետ կապ ունի, բայց պատասխանատու չէ: Լևոն Գալստյանի խոսքով` սկզբից երիտասարդը ներկայացել էր, որպես աշխղեկ՝ ասելով, որ սրճարան են կառուցում, այնուհետև իր ասածից հետ էր կանգնել:
«Եթե փոս է փորված, ուրեմն շինություն է կառուցվելու, իսկ եթե չկա թույլտվություն, մենք չգիտենք, թե ինչ է կառուցվելու: Ես չգիտեմ նաև, թե ինչքանով է թույլատրելի ծառերի արմատները նման կերպ կտրելը: Ես, որպես քիչ թե շատ բնապահպանությունից հասկացող մարդ, կարծում եմ, որ անթույլատրելի է: Ծառն առանց այն էլ 15 տարի բանտարկված է եղել բուտիկների մեջ»,- նշեց Լևոն Գալստյանը`հավելելով, որ ինչպես քաղաքապետարանն է պարզաբանում, սա սալիկապատման աշխատանք է, ուրեմն համաձայն են, բայց կասկածելի է, որ սալիկապատման աշխատանք է: Նա նշեց, որ չգիտեին, թե սալիկապատման աշխատանքների համար երեք մետրանոց խորը փոս պետք է փորել:









































