ԵՄ-ը պետք է հրաժարվի ռուսական գազից: Այս մասին էներգետիկ ֆորումում հայտարարել է «կանաչ տարիֆներ» համակարգի հեղինակ, Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Հանս Ջոզեֆ Ֆելը:
«Նավթի, բնական գազի, էներգիայի ավանդական տեսակների գինը մշտապես աճում է: Եվ դրանք գնալով ավելի շատ են ծանրացնում տնտեսությունը: Եվրոյի ճգնաժամը միայն ֆինանսական ճգնաժամ չէ: Ֆինանսական ռեգուլյատորներից բացի, անհրաժեշտ է անցում կատարել էներգետիկայի նորացված տեսակների»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները վնաս են կրում գլոբալ տաքացման պատճառով: «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի (կլիման.- 1in.am) ևս 2 աստիճանով տաքանա: Իսկ մթնոլորտ ամբողջ վնասակար արտանետումների 80%-ը գազի և ածխի արդյունահանումից են: Ուստի մենք պետք է հրաժարվենք գազից և ածխից: Եվրոպան նույնպես այդ ճանապարհով է գնում»:
Ֆելը կարծում է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո գնալով պետք ավելի թանկանա ատոմային էներգիան: Իսկ էներգիայի նոր տեսակները կլինեն ավելի էժան, քանի որ դա կախված է տեխնոլոգիաների զարգացումից: Պատգամավորի կանխատեսումներով՝ ԵՄ-ը «կանի ամեն բան թանկ գազից ու նավթից հրաժարավելու և այն էներգիայի այլընտրանքային տեսակով փոխարինելու համար»:











































