Սիրիայում ՄԱԿ-ի դիտոդների առաքելության դադարեցումը հակաարդյունավետ է: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի առաքելության գործունեությունը շարունակվի:
«Դիտորդների նպատակն է օբյեկտիվ գնահատական տալ տեղի ունեցածին, հետաքննել այնպիսի դեպքեր, ինչպիսին է Թրեյմսեում տեղի ունեցածը»,- ասել է նա:
Բացի այդ, Լավրովը նշել է, որ իրենք կընդունեն ցանկացած որոշում, որը կկայացնի Սիրիայի ժողովուրդը:
«Մենք կընդունենք սիրիացի ժողովրդի ցանկացած որոշում՝ կապված այն հարցի հետ, թե ով պետք է ղեկավարի Սիրիան, միայն թե այդ որոշումը բխի հենց սիրիացիներից»,- ասել է նախարարը:
Լավրովի խոսքերով՝ Սիրիայի նոր ղեկավարության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև բոլոր կրոնական խմբերի օրինական իրավունքների ապահովման շրջանակներում:








































