Կենտրոնական բանկում խորհրդի անդամ իր նշանակման մասին տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը տեղեկացել է մամուլից: Այսօր այս մասին հայտարարեց Բոստանջյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերն իրականությանը.
«էդ մասին ես չեմ իմանում: Դե, երբևիցե կլինի: Էդ առումով ես դեգերումների մեջ չեմ, իմ փեշակն ունեմ ի ծնե, ի բնե` գիտամանկավարժական գործունեությամբ եմ զբաղվում, դոկտոր եմ, պրոֆեսոր, մի շարք մրցանակների արժանացած մարդ եմ, միշտ գտնվել եմ այդ տիրույթում, ու այդտեղից ստացած եկամուտները պակաս չեն քաղաքական գործունեության ժամանակ ստացած եկամուտներիցս»:
Լրագրողի հետաքրքրությանը` ինչո՞վ է այժմ զբաղվում, Բոստանջյանը պատասխանեց. «Աշխատանք չունեմ, շատ դժվարության մեջ եմ, փողոցներն եմ թափառում…», ու միաժամանակ տեղեկացրեց, որ ավելի քան 70 ասպիրանտների ղեկավար է եղել, որոնցից շատերը ներկայիս կառավարությունում նախարարի պաշտոն են զբաղեցնում:











































