Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր դժվարին պայմաններում կայանում է այն, ինչ մենք բոլորս ուզում ենք տեսնել՝ իրական ժողովրդավարություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ նախագահի ընտրությունների համար ընթացող ընտրապայքարին:
«Ղարաբաղը ցույց է տալիս, որ այս վիճակը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, չի խանգարում կայացնել այսպիսի համակարգ, որտեղ հնարավոր է ունենալ մրցակցային հիմքով ընտրություններ: Իսկ Ադրբեջանի այն պատճառաբանությունը, որ իրենց մոտ չի կայանում ժողովրդավարությունը, որովհետև Ղարաբաղի հարց կա, հնարված է և որևէ իրավական հիմք չունի»,- ասաց Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Ղարաբաղում առաջին անգամ չէ, որ ռեալ ընդդիմություն է դուրս գալիս ընտրապայքարի: «Նախորդ ընտրություններում Մասիս Մայիլյանն էր, հիմա՝ Վիտալի Բալասանյանը: Գրեթե կիսապատերազմային վիճակում Արցախում փորձում են իրականացնել այլընտրանքային հիմքով ընտրություններ: Իսկ դա ավելի լուրջ է, քան շատերին թվում է»,- նշեց նա: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ընտրությունների ժամանակ այլընտրանք ունենալը շատ լավ է, և կարևոր չէ, թե ով է այլընտրանքային թեկնածուն՝ Վիտալի Բալասանյանը, թե ուրիշ մեկը: Ըստ նրա՝ լավ կլիներ, եթե այս պայքարը չտեղափոխվեր միջանձնային հարաբերությունների դաշտ, և անցկացվեին թափանցիկ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում պայքարում են 3 թեկնածուներ՝ Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը:









































