Կիրակի Արևելյան Թիմորում անկարգություններ են տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, մայրաքաղաք Դիլիում մի քանի տասնյակ ցուցարարներ քարեր են նետել ավտոմեքենաների ուղղությամբ և հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա` նրանցից մի քանիսին պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությանը հաջողվել է իրավիճակն արագ վերահսկողության տակ առնել և քաղաքում ու մի շարք բնակավայրերում կարգուկանոն հաստատել:
Անկարգությունների պատճառը հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արևելյան Թիմորի վերածննդի ազգային կոնգրես» կուսակցության որոշումն է, ըստ որի` նրանք հրաժարվում են ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Արևելյան Թիմորի անկախության հեղափոխական ճակատ» կուսակցության հետ կոալիցիա կազմել:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն կիրակի, սակայն դրանք դժվար թե լրջորեն տարբերվեն նախնական արդյունքներից: Վարչապետ Ժոզե Ալեշանդրի Գուժմաուի ղեկավարած «Արևելյան Թիմորի վերածննդի ազգային կոնգրեսը» ստացել է խորհրդարանի 60 տեղերից 30-ը, մինչդեռ մյուս կուսակցությունը` 25 տեղ:
Հույս կար, որ միջկուսակցական բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության կգան կոալիցիա ձևավորելու հարցում, սակայն ապարդյուն: Հաղթող կուսակցությունը առաջարկել է կառավարության կազմ ընդգրկել խորհրդարան մտած երկու այլ կուսակցությունների ներկայացուցիչների` այդպիսով «Արևելյան Թիմորի անկախության հեղափոխական ճակատին» թողնելով ընդդիմությունում: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել փողոցներ` արտահայտելու իրենց դժգոհությունը:
Չնայած կիրակի տեղի ունեցած իրադարձություններին, ընթացիկ ընտրությունները Արևելյան Թիմորում բավականին հանգիստ են անցել: 10 տարի առաջ անկախացած երկրում նախորդ ընտրությունները անցել են լարված պայմաններում: 2006-ին ՄԱԿ-ը որոշում էր ընդունել խաղաղապահներ ուղարկել Արևելյան Թիմոր: Այս տարվա գարնանը` նախագահական խաղաղ ընտրությունների անցկացումից հետո, ՄԱԿ-ը խոստացել է դուրս բերել իր զորակազմը, եթե խորհրդարանական ընտրությունները բռնությունների չհանգեցնեն:









































