ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարին է միացել ևս մեկ պաշտոնական թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Itar-tass-ը` հավելելով, որ նա հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի, սակայն կարող է ազդել վերընտրվել ցանկացող նախագահ Բարաք Օբամայի և նրա հիմնական մրցակից Միթ Ռոմնիի միջև պայքարի արդյունքների վրա:
Երեկ ԱՄՆ Կանաչների կուսակցությունը Բալթիմորում կայացած համագումարին նախագահի պաշտոնում իր կուսակցությունից պաշտոնապես առաջադրել է 62-ամյա Ջիլ Սթայնին: Պրոֆեսիոնալ բժիշկը և քաղաքական գործիչը, որը հանդես է գալիս գործազրկության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության կարգախոսներով, կարող է խլել դեմոկրատական ընտրազանգվածի առավել լիբերալ մասի ձայները:
Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի սան Սթայնը 2012-ի նախագահական ընտրությունների է գնում «Նոր կանաչ քաղաքականություն» անվանումը կրող ծրագրով: Այն նախատեսում է երկրի ռազմական բյուջեի 1/3-ով կրճատում, բոլոր քաղաքացիներին զբաղվածության և բժշկական ապահովագրության պետական երաշխիքի ապահովում, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների լայն կիրառում: 2002 թվականին Սթայնը անհաջող պայքար է մղել Ռոմնիի դեմ Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնի համար, ներկայում նույնպես մտադիր է մրցակցել նրա հետ: Կին թեկնածուն քննադատաբար է մոտենում Օբամային` մեղադրելով նրան գործազրկության բարձր մակարդակը կարգավորել չկարողանալու մեջ:
Այս տարի Սթայնը հաղթել է Կանաչների կուսակցության գրեթե բոլոր նախնական ընտրություններում և ներկա պահին 21 նահանգներում հավաքել է ընտրողների այնքան ստորագրություն, որքան անհրաժեշտ է նրա անունը քվեաթերթիկներում ընդգրկելու համար: Մինչև նոյեմբեր նա ծրագրում է ևս 19 նահանգներում ստանալ ընտրազանգվածի աջակցությունը:
Բացի այդ, նա դարձել է Կանաչների կուսակցության ողջ պատմության ընթացքում առաջին թեկնածուն, որի քարոզարշավը կարող է մասամբ ֆինանսավորվել պետբյուջեից: Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ Սթայնը կարողացել է նախընտրական հիմնադրամում բավարար մասնավոր նվիրատվություններ հավաքել, որպեսզի, ըստ օրենքի, առաջադրվի 50/50 սկզբունքով` դաշնային ֆինանսական օգնությամբ:
«Կանաչների» կուսակցության թեկնածուն ասում է, որ երազում է Օբամայի և Ռոմնիի հետ մասնակցել նախընտրական հեռուստաբանավեճերի: Սակայն դրա համար սոցիոլոգիական հարցումները պետք է ցույց տան, որ նրան աջակցում է ամերիկացիների նվազագույնը 15 տոկոսը: Այդպիսին են հեռուստաբանավեճերի անցկացման հատուկ հանձնաժողովի կանոնները:
Ներկայում Սթայնին աջակցում է ընտրողների միայն 1 տոկոսը: Սակայն նույնիսկ այդ թիվն է անհանգստություն առաջացրել Օբամայի նախընտրական շտաբում: Հայտնի է, որ 2000 թվականին Կանաչների կուսակցության թեկնածու Ռալֆ Նեյդերը կարողացել է պայքարել դեմոկրատ Ալբերտ Գոռի դեմ, և ընդամենը ձայների մի քանի տոկոսը նրան չի բավարարել հանրապետական Ջորջ Բուշի նկատմամբ հաղթանակի հասնելու գործում:










































