Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանին սահմանակից Կազբեկի շրջանում շաբաթ օրը բացել է հյուրանոց և հայտարարել, որ սպասում է «Ռուսաստանից հարյուր հազարավոր զբոսաշրջիկների»:
Սաակաշվիլին նաև խոստացել է Կազբեկի շրջանից մինչև Թբիլիսի ձգվող թունել կառուցել:
Նրա խոսքով` ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստանին զերծ կպահի «ռուսական ղեկավարության նոր խարդախությունից»:
«Այստեղ շատ ռուսներ կայցելեն և կհամոզվեն, որ սա խաղաղ վայր է»,- ասել է Սաակաշվիլին:
Նա հիշեցրել է, որ ինքն անձամբ մի քանի անգամ սահմանի վրա հանդիպել է հյուրերի Ռուսաստանից և ողջունել նրանց ձեռքսեղմումով:
Նախագահի խոսքով` Վրաստանի հանդեպ «թշնամական» վերաբերմունք ունի միայն Ռուսաստանի կառավարությունը, այլ ոչ թե ժողովուրդը, սակայն թշնամանքը ևս «ժամանակավոր» է:








































