Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ուսումնասիրել խորհրդարանի ներկայացրած բողոքը Սահմանադրական դատարանի դեմ, որն ավելի վաղ անօրինական էր համարել Ժողովրդական ժողովի ընտրությունները և ցրել էր խորհրդարանը:
«Վերաքննիչ դատարանի անդամները միաձայն որոշել են, որ Սահմանադրական դատարանի որոշման ուսումնասիրությունը իրենց իրավասությունների մեջ չի մտնում»,- ասել են Վերաքննիչ դատարանի կոլեգիայից:
Եգիպտոսի խորհրդարանը ցրվել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից և ժամանակավորապես օրենսդիր իշխանությունն անցել է զինվորականների ձեռքը: Դրանից առաջ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանի Ստորին պալատը, քանի որ ընտրության ժամանակ կատարվել էին խախտումներ:









































