Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Դոնաթելա Ռովերան Սիրիայում մարդու իրավունքների խախտման պատասխանատվությունը դրել է ապստամբներ վրա:
Ինչպես Ռովերան հայտնել է Reuters գործակալությանը, Սիրիա կատարած այցի ժամանակ Amnesty International-ի աշխատակիցները նկատել են մարդու իրավունքների խախտման վկայություններ՝ հակամարտող երկու կողմերից էլ:
«Ապստամբներն առևանգում են կառավարական ուժերի ներկայացուցիչներին, գերեվարում նրանց, ծեծում: Մեզ հայտնի են նաև ապստամբների կողմից իրականացված սպանությունների մի քանի դեպքեր»,- հայտնել է Ռովերան՝ նշելով, որ առաջիկայում իրավիճակը կարող է լրջորեն վատանալ, քանի որ ընդդիմության ուժերը ընդլայնվում են նոր կողմնակիցների հաշվին: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Ռովերայի խոսքով՝ միևնույն ժամանակ, այդ գործողությունների թիվը զիջում է Բաշար Ալ-Ասադի կողմնակիցների իրականացրած հանցագործությունների թվին: Amnesty International-ի ունեցած տվյալներով մի շարք քաղաքներում կառավարական զորքերը այրել են բազմաթիվ բնակելի տներ, հիվանդանոցներ, բուժկետեր: Հազվադեպ չեն հարձակումները խաղաղ բնակիչների վրա, հատկապես նրանց, ովքեր բուժօգնություն են ցուցաբերում ապստամբներին:
Ռովերայի խոսքով՝ ՄԱԿ-ը Սիրիայում դիտորդների առաքելության աշխատանքի հետ կապված հետագա որոշումներ ընդունելիս պետք է ուշադրությունը կենտրոնացնի մարդու իրավունքների խախտումների մասին ինֆորմացիայի հավաքման վրա: «Անպատժելիության ժամանակն անցել է»,-եզրափակել է Ռովերան:
2011-ի գարնանից սիրիական ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության հանդեպ զանգվածային բռնություններ իրականացնելու մեջ: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների բանդաներ»:









































