«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Ռուսաստանի ջավախահայ համայնքի խնդրանքը Վրաստանի իշխանություններին՝ չխոչընդոտել Ջավախքում սիրիահայերի բնակությանը, անհեթեթություն է:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ նույն հաջողությամբ կարելի է խնդրել, որ Կասնոդարի կամ Ալթայի շրջանի հայ համայնքը դիմի Ռուսաստանին, որ նրանք ապրեն այստեղ կամ Օդեսայի համայնքը՝ Ուկրաինային. «Ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա, բայց անգամ նման հարցի քննարկումն է անհեթեթ: Սիրիահայերը պետք է բնակվեն Հայաստանում: Եթե քաղաքաբնակ են, դատարկված քաղաքներում՝ Չարենցավան, Հրազդան, Գյումրի և այլն, եթե գյուղաբնակ են, նախևառաջ՝ ազատագրված տարածքներում, որի համար անհրաժեշտ է հատուկ ծրագիր»՝ հավելելով, որ ոչ թե սիրիահայերը պետք է Ջավախք գան, այլ ջավախահայերը Ջավախք վերադառնան:
Անդրադառնալով այն խնդրին, թե ինչու սիրիահայերը Հայաստան չեն գալիս, Խզմալյանը պատասխանեց, որ դրանում մեղավոր են մեր իշխանությունները, քանի որ որևէ ծրագիր չեն մշակում. «Դա նշանակում է, որ ՀՀ-ում իրական վերնախավ գոյություն չունի, իշխանությունները հիմնական խնդիրներով չեն զբաղվում»:
Իսկ այն հարցին, թե այս խնդրանքը կարո՞ղ է ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ դա միջպետական ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև պետական մակարդակով տեղի չի ունենում գործունեությունը, իսկ Վրաստանի ջավախահայությանը վերաբերող հարցն այլ է:











































