ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-13-ին այցելել են Բաքու, Լեռնային Ղարաբաղ և Երևան:
Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Լեռնային Ղարաբաղում՝ դե-ֆակտո իշխանությունների, Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հուլիսի 11-ին համանախագահները վերստին ոտքով հատել են շփման գիծը: Հուլիսի 12-ին համանախագահները Լեռնային Ղարաբաղից Երևան են ուղևորվել Քարվաճառի միջոցով, ինչը նրանց առաջին նմանատիպ այցն էր՝ 2010 թվականի հոկտեմբերից սկսած:
Իրենց բոլոր հանդիպումներում համանախագահները վերահաստատեցին իրենց երկրների հավատարմությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի մասին հունիսի 18-ին Լոս-Կաբոսում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները:
Համանախագահները շարունակել են հունիսի 18-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց վարած բանակցությունները: Համանախագահներն իրենց խորին մտահոգությունն են հայտնել շփման գծի վերջին միջադեպերի կապակցությամբ և կողմերին նորից կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել՝ խաղաղության հասնելու համար հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումից, հարգել 1994 թվականի հրադադարի ռեժիմը և հրաժարվել հրապարակավ կիրառել թշնամական հռետորաբանություն:
Լեռնային Ղարաբաղում պլանավորված նոր օդանավակայանի բացման հետ կապված՝ համանախագահները կողմերից հավաստիացումներ են ստացել, որ նրանք զերծ կմնան քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ սպառնալիք և ուժ գործադրելուց, և որ այդ հարցը կլուծեն դիվանագիտական ճանապարհով՝ առանց քաղաքականացնելու այն:
Համանախագահները վերահաստատել են, որ այդ օդանավակայանի գործունեությունը չի կարող դիտարկվել որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխում, և կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի նորմերին և իրենց տարածքում թռիչքների հետ կապված գործող պրակտիկային համապատասխան:
Համանախագահները մտադիր են նաև առանձին հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ նրանց հանդիպումը սեպտեմբերին կազմակերպելու համար»:









































