Բրիտանական զենք արտադրող ընկերությունները ռազմական սարքավորումներ են տրամադրում Սիրիային և այլ երկրների, որտեղ դրանք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի՝ զենքի արտահանման վերահսկման կոմիտեի հաշվետվությունը:
Փաստաթղթում նշվում է, որ պրոֆիլային նախարարներն առաջարկում են արտոնագրեր տալ մի շարք երկրների, որտեղ մարդու իրավունքների ոլորտում ոչ բարենպաստ վիճակ է:
Բիզնեսի, պաշտպանության, արտաքին գործերի և միջազգային զարգացման կոմիտեները ներկայացնող խորհրդարանականները նշել են, որ կառավարությունը պետք է մեկնաբանի՝ համապատասխանո՞ւմ են արդյոք արաբական երկրների հանդեպ գործող 600 արտոնագրերը այն դրիրքորոշմանը, որ արտահանվող սպառազինությունը չպետք է օգտագործվի ներքին ճնշումների համար:
Այդ կապակցությամբ հատուկ անհանգստություն է առաջացնում Եգիպտոսի համար գործող 124, Բահրեյնի համար՝ 97, Սիրիայի համար 9 թույլտվություննները, որոնք տարածվում են քիմիական արտադրության, կրիպտոգրաֆիկ սարքավորումների վրա:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ սպառազինություն արտահանելու արտոնագրեր են տրվել նաև Լիբանանի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի և Եմենի համար, սակայն դրանց մի մասն ավելի ուշ հետ է կանչվել:
«Այն դեպքում, երբ և՛ սպառազինության արտահանման համագործակցությունը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությունը լեգիտիմ միջոցառումներ են կառավարության քաղաքականության համար, կառավարությունը պետք է խոստովանի, որ հակասություն կա ավտորիտար վարչակարգերին սպառազինություն մատակարարելու և միաժամանակ նրանց հասցեին դաժան քննադատություններ հնչեցնելու միջև՝ կապված մարդու իրավունքների ոչ բավարար պաշտպանության հետ»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակների նաև սուր քննադատության են ենթարկում կառավարությանը այն բանի համար, որ այնպիսի տեխնիկան, ինչպիսին են դիպուկահար հրացանները, ատրճանակ-գնդացիրները, զրահափոխադրամիջոցները, որակավորվում են որպես «ամբոխին ճնշելու համար վերահսկման արտադրանք»:










































