Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, որ «Բոնիլատ» ընկերության արտադրած կաթնամթերքում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է E-կոլի մանրէ, ինչը խիստ վտանգավոր է առողջության համար:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց մասնագետները նմուշառում են իրականացրել իրացման ցանցից ու արտադրությունից՝ պարզելու, թե որ փուլում է հայտնվել այս մանրէն: Նա շեշտեց, որ լաբորատորիայում միայն ԶԼՄ-ի տրամադրած նմուշն է հետազոտվել: Մինչդեռ գոյություն ունի նմուշառման կարգ, իսկ այդ նմուշառման ժամանակ մասնագետ-տեսուչի ներկայություն չի եղել:
«Մենք կատարել ենք մեր նմուշառումը՝ հասկանալու համար, թե երբ է այդ կոլին հայտնվել կաթնամթերքում: Կարող էր անզգույշ աշխատակիցը կաթնամթերքը բացելու ժամանակ մատը միամիտ կպցնել, և կոլին հայտնվեր ներսում: Այն կոլին, որ նրանք հայտնաբերել են, մենք չգիտենք՝ ինչի արդյունք է»,- հայտարարեց Բ.Պիպոյանը:
Ըստ նրա ՝ կարևոր է, թե նմուշառումը ճիշտ է արվել, թե ոչ, խնդիրը արտադրությունից է գալիս, թե իրացման ցանցից: Ընդ որում՝ այդ մանրէն կարող էր առաջանալ նաև պահպանման պայմաններից:
«Այս պահին մենք սպասում ենք մեր հետազոտության լաբորատոր արդյունքներին, որովհետև հնարավոր է, որ նմուշառումից լինի: Ստուգում ենք ամբողջ սպեկտրով, որովհետև կոլին տեխնիկական կանոնակարգերով չի վերանում: Մինչ այս մենք ստուգում էինք աղիքային ցուպիկը, ոչ թե կոլիպաթոգենը: Եթե կա կոլի, միանշանակ է, որ կա աղիքային ցուպիկ, բայց եթե կա աղիքային ցուպիկ, դա չի նշանակում, որ կա կոլի»,- ասաց Պիպոյանը ՝ հավելելով, որ լաբորատոր ստուգման արդյունքները կլինեն այս շաբաթվա վերջին:









































