Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Իրանի կրթության նախարար Համիդռզա Հաջիբաբիին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների ու տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ հարցեր: Հանդիպման ժամանակ Մամեդյարովը բարձրացրել է Իրանում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների հարցը, որոնց սպառնում է մահապատիժ:
Մամեդյարովն իրանցի նախարարին խնդրել է իր ղեկավարությանը փոխանցել այդ կապակցությամբ Ադրբեջանի կառավարության լուրջ մտահոգությունը: Մամեդյարովը խնդրել է, որ իրանական կողմն ապահովի ձերբակալվածների հետ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը:







































