2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված դատավարությանը դատավոր Սամվել Մարդանյանը, ինչպես և սպասվում էր, մերժել է ամբաստանյալների փաստաբան Ալվարդ Մնացականյանի հերթական միջնորդությունը: Փաստաբանը այս անգամ միջնորդել էր դատարանին փոխելու իր պաշտպանյալ Մխիթար Մխիթարյանի խափանման միջոց կալանքը, սակայն այս միջնորդությունը արժանացավ ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննսիյանի վերաբերյալ արված միջնորդության ճակատագրին:
Պաշտպանն իր միջնորդությունները հիմնավորել էր նրանով, որ ամբաստանյալները շուրջ երկու տարի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, և որ նրանց վերագրվում են մեղադրանքներ, որոնց վերաբերյալ հակասական ցուցմունքներ են տվել գործով վկաներից 3-ը:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ դատավոր Սամվել Մարդանյանից իրենք այլ որոշում չէին էլ ակնկալում: Իսկ դատավոր Սամվել Մարդանյանը միջնորդությունները մերժելու վերաբերյալ իր որոշումները պատճառաբանել է նրանով, թե ազատության մեջ գտնվելով՝ ամբաստանյալները կարող են ճնշում գործադրել վկաների վրա:
Փաստաբան Ալվարդ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանը երեկ պետք է անցներ դատավարական հաջորդ` ապացույցների հետազոտման փուլին: Սակայն դատական նիստին գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի, ինչպես նաև ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 17-ը:










































