ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները մտադիր են առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Մալի` գնահատելու համաշխարհային ժառանգության հուշարձաններին հասցված վնասի չափը: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան:
Մալիում մշակութային հուշարձանների ավերումն սկսվել է դեռ երկու շաբաթ առաջ, երբ «Անսար Ադ-Դին» («Հավատի պահապաններ») շարժման իսլամիստները Տիմբուկտուում ոչնչացրին Մահմուդի դամբարանը ու ևս երկու դամբարան: Տվյալ հուշարձանների ոչնչացումը իսլամիստները բացատրում են «կռապաշտության դեմ պայքարով», որը իսլամում համարվում է մեծագույն մեղքերից մեկը:
Նրանք հայտարարել են, որ մտադիր են ոչնչացնել ևս 16 դամբարան, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
«Նիստում որոշվել է` երբ իրավիճակը թույլ տա, միանգամից այնտեղ ուղարկել մասնագետների, որոնք կգնահատեն այդ հուշարձաններին հասցված վնասի չափը: Կփորձենք վերականգնել դրանք: Դա միակ բանն է, որ կարող է անել միջազգային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ)»,- մամլո ասուլիսին ասել է նա:
Վերջինիս խոսքով` «բանդիտներին ուղղված կոչերն անիմաստ են»:








































