Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանի որոշմանը, որը չեղյալ էր հայտարարել է խորհրդարանը ետ կանչելու նախագահի որոշումը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հստակեցնելով իր որոշումը՝ Մուրսին ընդգծել է, որ Եգիպտոսը իրավական պետություն է:
Նախագահը նաև խոստացել է, որ ստեղծված իրավիճակը լուծելու համար ինքը բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի և Բարձրագույն զինվորական խորհրդի հետ:
Եգիպտոսի խորհրդարանը ցրվել է հունիսի 16-ին զինվորական խորհրդի կողմից՝ համապատասխան Գերագույն սահմանադրական դատարանի որոշման: Չցանկանալով հաշտվել ստեղծված իրավիճակի հետ՝ Մուրսին հուլիսի 8-ին սահմանադրական դատարանի այդ որոշումը չեղյալ հայտարարելու հրաման արձակեց:
Հաջորդ օրը Գերագույն սահմանադրական դատարանը նախագահին զգուշացրեց, որ անթույլատրելի է չհետևել այդ որոշմանը, սակայն արդեն հուլիսի 10-ին խորհրդարանը նիստ անցկացրեց: Նույն օրը դատարանը նոր կարգադրություն արեց, որով ևս մեկ անգամ արգելեց օրենսդիր այդ մարմնի նիստերը: Բացի այդ, պետության ղեկավարի գործողություններից իր դժգոհությունը հայտնեց Բարձրագույն զինվորական խորհուրդը:
Խորհրդարանը ցրելու որոշման պատճառը եղել է ընտրությունների անցկացման ժամանակ թույլ տրված սխալները: Սակայն որոշ փորձագետներ այդ որոշման մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, քանի որ օրենսդիր մարմնում հիմնականում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչներ են:








































