«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի սիգարի արծաթե տուփը այսօր Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ վաճառվել է 5,6 հազար ֆունտ ստերլինգով (8,7 հազար դոլարով): Սիգարետի տուփը, որը թվագրվում է անգլիացի Գեորգ V թագավորի ժամանակներով, Ագաթա Քրիստին նվիրել է սաքսոֆոնահար Ռոբերտ Լիմինգին 1926-ին:
36-ամյա Քրիստին, որն այդ պահին արդեն դետեկտիվ ժանրի ճանաչված վարպետ էր, Սանինգդեյլի իր տնից դուրս է եկել 1926-ի դեկտեմբերի 3-ին և չէր վերադարձել: 11 օր շարունակ նա անհետ կորած է համարվել: Նրա որոնման համար երկրում զանգվածային ոստիկանական օպերացիա է անցկացվել: Ագաթա Քրիստիին գտնելու գործում ներգրավվել են նաև ոստիկանական շներ, պայծառատեսներ և պատմության մեջ առաջին անգամ՝ ինքնաթիռ: Նրա ամուսինը՝ գնդապետ Քրիստին, կասկածվում էր կնոջ հնարավոր սպանության մեջ:
Վերջիվերջո, Նորթ Յորքշիր կոմսության «Հայդրո» հյուրանոցի մոտ Քրիստիին հայտնաբերել էր երաժիշտ Ռոբերտ կամ Բոբ Լիմինգը: Նա այդ մասին հայտնել էր ոստիկանությանն ու գնդապետ Քրիստիին: Ենթադրվում է, որ այդ ժամանակ Ագաթա Քրիստիի մոտ հիշողության կորուստ է եղել: Ի նշան երախտագտության՝ Քրիստի ամուսինները սիգարետի արծաթե տուփը նվիրել էին երաժիշտին:
Քրիստիի անհետացման հանգամանքները մինչ օրս լիարժեք բացահայտված չեն: Հնարավոր պատճառներից նշվում է Քրիստի մոր մահը կամ ամուսնու խոստովանությունն այն մասին, որ ինքը սիրահարված է այլ կնոջ: Ագաթան խոսոտվանել էր, որ չի հիշում, թե ինչպես է հայտնվել հյուրանոցի մոտ: Նա ամուսնալուծվել է 1928 թվականին:
Այս պատմությունը ավելի ուշ արտացոլում է գտել բազմաթիվ գրքերում և հոդվածներում, նույնիսկ 1977-ին հոլիվուդյան ֆիլմի հիմք դարձել, որտեղ գլխավոր դերերը խաղացել են Վանեսա Ռեդգրեյվը և Դասթին Հոֆմանը:











































