Ֆրանսիան չի ընկրկի Թուրքիայի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հավանականությունը և դրա շուրջ զարգացումները» թեմայի շրջանակներում իրենց տեսակետը հայտնեցին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ֆրանսիայի դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի նկատմամբ ցեղասպանության խնդրով, այլ նաև երկու երկրների միջև առկա է աշխարհաքաղաքական մրցակցություն, ինչպես օրինակ` Սև ծովի ավազանում: Ըստ նրա` Ֆրանս-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել նաև Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա հարաբերությունների հարթությունում, որտեղ ևս մրցակցություն կա.
«Բրիտանացիները թուրքերին ուզում են ներգրավել ԵՄ-ում Ֆրանսիայի դեմ: Երբ ակտիվանում են այս զրույցները, ԵՄ-ում Ֆրանսիան և Գերմանիան միջոցներ են ձեռնարկում՝ զրույցները մեղմելու, և հայկական հարցը այս նպատակով սկսվում է օգտագործվել, շահարկվել»:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` Ֆրանսիայում հայկական համայնքը նախագահի հետ հանդիպմանը հիշեցրել էր նրա նախընտրական խոստումները, և նախագահի ներկայացուցիչն ասել էր, թե դա անպայման կիրագործվի: Նրա խոսքով` երկրորդ անգամ օրինագիծը չի մերժվի, որովհետև այստեղ կա նաև երկրի հեղինակության հարցը:
«Այս անգամ չի ձախողվի բանաձևը: Թուրք-ֆրանսիական հարաբերությունների բարելավումը չի նշանակում, որ բանաձևը չի ընդունվի. այս անգամ այն կընդունվի: Թուրքիան և Ֆրանսիան այլ երկրներ են. Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներ երկրներից է: Թուրքերը գիտեն, որ Ֆրանսիայի վրա ազդելու իրենց լծակները շատ փոքր են: Ֆրանսիան չի ընկրկի Թուրքիայի առջև»,- հստակեցրեց իր տեսակետը թուրքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ թուրքական իշխանությունները հաճախ խոսում են քաղաքական մոդելներից, կրոնական պետությունից և տնտեսական աճից. երկու պարագայում էլ Թուրքիան խաբում է, քանի որ այս ամենը Ստամբուլի մասին է, իսկ Թուրքիայի մնացած տարածքներում բռնապետություն և թշվառություն է, ուստի Թուրքիան չի ցանկանա սրել հարաբերությունները Ֆրանսիայի հետ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































