Լեզվի պետական տեսչությունը այս տարի շուրջ 60 տնտեսվարող սուբյեկտի մոտ խախտում է հայտնաբերել, որի հիման վրա կազմվել է արձանագրություն, ներկայացվել է 3 մլն դրամի տուգանք, և այժմ այդ գործերը դատարանում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ասաց, որ իրենք գովազդների և ցուցանակների խախտումներն են արձանագրում:
Ըստ Ս. Երիցյանի՝ հիմնական խնդիրը առնչվում է ցուցանակներում և ապրանքանիշի գովազդում հայերենի բացակայությանը, կամ այն բանին, որ հայերեն գրությունը մանր տառերով է և չի սկսվում ձախից, ինչպես արձանագրված է օրենքում:
«Ամենակարևոր արդյունքը, որին մենք հասել ենք, տնտեսվարողների արձագանքն է: Հին ցուցանակները փոխվում են, իսկ նոր տնտեսվարողները ճիշտ ցուցանակներ են փակցնում»,-ասաց պրն Երիցյանը:
Նա հավելեց, որ Լեզվի տեսչությունը չունի իր մասին որևէ օրենք, և հենց օրենսդրական բացի պատճառով էլ սահմանափակվում են իրենց աշխատանքները. «Մենք այժմ ունենք օրենսդրական նախաձեռնություն, սեպտեմբերին, հուսով եմ, նորակազմ ԱԺ-ն կքննարկի ՀՀ լեզվական քաղաքականության, լեզվի հսկողության և Լեզվի տեսչության մասին օրենքների ընդունման հարցերը»:
Սերգո Երիցյանը նշեց, որ օրենսդրական բացի պատճառով անգործության է մատնված նաև տերմինաբանական խորհուրդը, քանի որ չկա օրենքի համապատասխան կետով որևէ իրավասություն, որ այդ խորհուրդը կկարողանա եզրույթների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներից ընտրել մեկը և լուծել վիճելի հարցերը:
Նշենք նաև. օրենքով սահմանված է, որ տնտեսվարող սուբյեկտները ձախից աջ երևացող տառերով շենքի ճակատամասում պետք է գրեն նախ՝ հայկական անվանումը, հետո միայն լատինատառը:






































