«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ.
-Պարոն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետևեց Ձեր օրինակին և դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից: Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը:
-Անշուշտ, իր քայլը քաղաքական է, իհարկե, ինքն է որոշողը՝ երբ և ինչ կարգի հայտարարություններ կանի, բայց այն փաստարկները, որոնք ինքը ներկայացրել էր «Ազատություն» ռ/կ-ին, համոզիչ են, և ես կիսում եմ նրա մոտեցումները:
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ը լքողներն օրեցօր ավելանում են:
– Պատճառն այն է, որ ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա հետադարձ հայացքով որ նայում եմ, ըստ երևույթին 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո մեկ այլ կուրս է վերցրել, որը չի ենթադրում պայքար, որը չի ենթադրում ինքնամոռաց պայքար, այլ ենթադրում է ինչ-որ համաձայնություններ, ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, որից բխում է ժողովրդին ճշմարտությունը չասել կամ ողջ ճշմարտությունը չասել: Եթե չհաշվենք մի քանի ֆանատների և մի քանի վճարովի լրագրողների դիրքորոշումը, համարյա բոլորին պարզ է, որ հիմա, ըստ էության, ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չկա, և, բնականաբար, այդպիսի կառույցից պետք է հեռանան, ոչ թե մնան:
– Մամուլում նշվեց, որ Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու պատճառը զուտ անձնական է:
– Ես զարմանում եմ, որ նման բաներ են ասում, բայց նույնիսկ եթե անձնական խնդիրներ ունենար, Շահնազարյանն ինչո՞ւ պետք է դրա մասին խոսեր: Դա քաղաքական խնդիր է:
-ՀԱԿ-ի հենասյուներից մեկը համարվող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ևս ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀԱԿից դուրս է գալիս: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը և ի՞նչ եք կարծում, նման կուսակցության առաջնորդի հեռանալը ՀԱԿ-ի փլուզման մասին չի՞ վկայում:
-Դա կուսակցության դիրքորոշումն էր, Դուք հիշում եք, որ կուսակցությունը հրաժարվեց նախընտրական ցուցակի բոլոր տեղերից, բացառությամբ Արամ Սարգսյանի տեղից, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարություն արվեց, որ կուրսը, որն ընտրել է Կոնգրեսը, իրենց ձեռք չի տալիս: Ես նորից կրկնեմ, որ այդ կուրսը պրոգրեսի տանող չէ, անկեղծ չէ, ժողովրդին մոլորության մեջ գցող է, ըստ էության՝ այս ամեն ինչն էլ բերում է քաղաքական նիհիլիզմի: և մենք այժմ շատ ծանր վիճակում ենք հայտնվել, քանի որ միակ ընդդիմադիր ուժ հորջորջվողը, իսկ մինչև 2008թ.-ն իսկապես այդպիսին էր, հրաժարվել է ըստ էության պայքարից և ինչ-որ ճղճիմ բանսարկությունների, համաձայնությունների ոլորտ է մտել:
– Ըստ Ձեզ՝ Կոնգրեսից հեռացողներ էլի՞ են լինելու:
– Եթե այս գործելաոճը շարունակվի, եթե հանրահավաքներ հրավիրվեն միայն նրա համար, որպեսզի ապացուցեն, որ ինչ-որ մարդիկ դեռևս գալիս են մեր հանրահավաքներին, և շարունակեն ծիծաղաշարժ վերլուծություններ անել հանրահավաքներում, իհարկե այդ պրոցեսը կշարունակվի: Արդյոք Կոնգրեսն ունի ռեսուրս, ընդունելով իր սխալները, նոր պայքար վերսկսելու, ցավոք սրտի քիչ, բայց ունի: Սակայն կգնա այդ քայլին, թե ոչ, ես դրա մասին չեմ կարող ասել:
Կոնգրեսի մոլեռանդ կողմնակիցների համար իրական պայքարող ուժը ՀԱԿ-ն է: Հիմա երբ մենք նայում ենք, այս օրերին տեսնում ենք, որ ՀԱԿ-ը ոչ մի պայքար էլ չի վարում, մի ստից ձևական հանրահավաք արվեց, և մինչև սեպտեմբեր հանգիստ հայտարարվեց, իսկ իրական պայքարող ուժը քաղաքացիական հասարակությունն է, որը դուրս է եկել փողոց և պայքարում է օլիգարխների դեմ, պայքարում է արդար քննության համար: Իրական պայքարողը ՀԱԿ-ը չէ, այդ ձևական, մոդայիկ ձևակերպումները պետք է մոռանանք:
– Ի վերջո, ըստ Ձեզ՝ ՀԱ՞Կ-ն է այսօրվա ընդդիմությունը, թե՞ ԲՀԿ-ն:
– (Ծիծաղում է) Դե Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում ինձ համոզեց, որ իրական ընդդիմությունը ԲՀԿ-ն է: և հիմա ես ՀԱԿ-ին էլ չեմ հետևում, ուշիուշով հետևում եմ ԲՀԿ-ի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին` որպես իրական ընդդիմություն:











































