Դեռ անցած տարվա սկզբից ՀՀ իշխանավորները մեծ ոգևորությամբ խոսում էին չինական «չհերկված» շուկայի, անթիվ-անհամար սպառողների մասին, որոնց պատրաստվում էին գերել հայկական ապրանքներով, մասնավորապես կոնյակով, որը չինական քիմքին անսովոր խմիչք է:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ներկայում փորձ է արվում համապատասխան պետական և մասնավոր կառույցների հետ աշխատել ոչ միայն կոնյակի, այլև գինու ոլորտներում, և երկուսը իրար հետ են դիտարկվում:
Ըստ նրա`այս պահին արդեն մեկ չինական ընկերություն հետաքրքրված է և հայկական կողմը նրա հետ բանակցում է Չինաստանի հարավային հատվածում գինու արտադրանքը ներկայացնելու շուրջ, նախնական պայմանագիրն է քննարկվում, որն առաջիկայում, ըստ ամենայնի, կստորագրվի:
«Փորձում ենք պետական մակարդակով շփումը զարգացնել և դրա հիման վրա արտահանել կոնյակ: Այս պահին մեր կոնյակագործների հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, և դրա հիման վրա գործողություններն իրականացնում ենք»,- ասաց Ռ. Հարությունյանը:
Թե ի՞նչ եղան չինական ներդրումները, որ սպասվում էր, թե պետք է կատարվեն մեր երկրում, Ռ.Հարությունյանը հայտնեց, որ այդ հարցը դեռևս բանակցային փուլում է.
«Չինական կայքերից մեկում, որը պարունակում է տարբեր տեղեկություններ հատուկ նախատեսված այն չինական ընկերությունների համար, որոնք ուզում են դրսում ներդրում անել, հայկական ծրագրերն այնտեղ տեղակայվել են: Իրենց արտգործնախարարության կազմում կա վարչություն, որն աջակցում է չինական ընկերություններին ներդրումներ անել արտասահմանում, ծրագրերը չիներեն լեզվով թարգմանվել և ներկայացվել են այդ ընկերություններին: Այս պահին որևէ ընկերություն որոշում դեռ չի կայացրել, բայց կարծում եմ, որ առաջիկայում նրանք ավելի ակտիվ կլինեն Հայաստանում»:








































